Ֆորդոյում միջուկային օբյեկտը գիտահետազոտական կենտրոնի կվերածվի, այնտեղ ուրանի հարստացման հզորություններ չեն լինի: Այս մասին հինգշաբթի Լոզանի բանակցություններից հետո Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Ֆորդոյի օբյեկտը ֆիզիկական հետազոտությունների գիտական կենտրոնի կվերածվի: Այդ նպատակով այնտեղ միջազգային գիտական համագործակցություն կծավալվի»,- հաղորդել է Մոգերինին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ուրանի հարստացումն իրականացվելու է Նաթանի միջուկային կենտրոնում:

Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն միակողմանի պատժամիջոցների չեղարկումը կսկսեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների չեղարկմանը զուգահեռ:

Նրա խոսքով, Իրանի հետ համապարփակ համաձայնագրի քաղաքական սկզբունքների մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Բայց այն պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանն արժանանա:

Մոգերինին նաեւ հաղորդել է, որ փորձագետները սկսել են «վեցյակի» հետ Իրանի համապարփակ համաձայնության նախագիծ մշակել: