Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում Երեւանում ընթացող Միջեկեղեցական համաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած քրիստոնեական տարբեր եկեղեցիների հոգևոր առաջնորդներն այսօր` ապրիլի 22-ին,  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն լրագրողների հետ զրույցում կարևորելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը,  նշեց, որ Ցեղասպանությունը պետք է դատապարտել, որպեսզի այն այլևս չկրկնվի։

«Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այս ընթացքում, փառք Աստծու, որոշ երկրներ ճանաչել են այն: Սակայն, Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը  կարևոր է, որովհետև չարիքը պիտի դատապարտվի, որպեսզի այլևս չկրկնվի»,-ասաց Գարեգին Բ-ն:

Ուղղափառ, անգլիկան, կաթոլիկ, ղպտի եկեղեցիների առաջնորդները շրջեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան նախօրեին բացված՝ թանգարանի նոր մշտական հավաքածուին։