Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մասին հարցը պետք է տալ այն մարմիններին, որոնք ձերբակալել են նրան: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ուր այցելել էր Երկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի օրվա առնչությամբ Արցախի հերոսամարտի զոհված հերոսներին հարգանքի տուրք մատուցելու։

«Մեր ցանկացած մարտական ընկերոջ մասին մենք մտածում ենք, միեւնույն ժամանակ կարծում եմ՝ մենք ունենք կայացած պետություն, եւ եթե ինչ-որ ձերբակալություն է եղել, ուրեմն ինչ որ խնդիրներ, թերություններ կան: Ձերբակալման մասին հարցը պետք է ուղղել այն մարմիններին, որոնք ձերբակալել են նրան»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։

Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

Մայիսի 4-ին գլխավոր դատախազությունը Սեֆիլյանի եւ ընկերների խափանման միջոցը փոխեց՝ կալանքը փոխարինելով չհեռանալու մասին ստորագրությամբ: