ՄԱԿ հատուկ զեկուցող Մոդ դե Բուր-Բուքուիքիոն մայիսի 12-18-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան՝ գնահատելու երեխաների թրաֆիքինգի, մանկական մարմնավաճառության եւ պոռնոգրաֆիայի հարցերում երկրում տիրող իրավիճակը։
«Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանում այդ հարցում գրանցած առաջընթացը գնահատելուն»,- ասել է անկախ փորձագետը՝ հավելելով, որ ինքը կապ է հաստատելու թրաֆիքինգի զոհ դարձած եւ խոցելի իրավիճակում գտնվող երեխաների հետ, որպեսզի նրանց կարծիքը տեղ գտնի իր զեկույցում։
Նշենք, որ նա Հայաստան է այցելում կառավարության հրավերով։
Իր 7-օրյա առաքելության ընթացքում մարդու իրավունքների մասնագետը կհանդիպի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչների եւ քաղաքացիական հասարակության անդամների հետ, որոնք աշխատում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։ Նա կայցելի նաեւ Երեւանի, Վանաձորի եւ Գյումրիի մանկատները։
Նա իր ամփոփ զեկույցը 2016թ. մարտին կներկայացնի ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում։





























