Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կոչ է անում Հայաստանի կառավարությանը ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաների հանդեպ բռնության դեպքերին:

Չնայած՝ երեխաների սեռական շահագործման դեպքերի թիվը ցածր է` համաձայն պաշտոնական տվյալների, սակայն մարդու իրավունքների փորձագետը մատնանշել է երեխանպաստ գործունեության շրջանակներում դեպքերի բացահայտման եւ հաղորդման մեխանիզմների բացեւ կոչ է արել իշխանություններին ստեղծել տվյալների հավաքագրման եւ տեղեկատվության համապարփակ համակարգ:

«Երեխաների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ է համապատասխան ռեսուրսների եւ ինտեգրված մոտեցման առկայություն», – ասել է տիկին դե Բյոր-Բուքիքիոն Հայաստան իր առաջին պաշտոնական այցի ավարտին՝ միաժամանակ կոչ անելով ստեղծել խնամքի եւ վերականգնողական ծառայություններ՝ երաշխավորելու բռնության եւ անուշադրության զոհ դարձած երեխաների վերականգնումը եւ վերաինտեգրումը:

Հատուկ զեկուցողը կոչ է արել նաեւ երեխաների արդյունավետ պաշտպանության ազգային համակարգի շրջանակներում նախատեսել երեխաների ներգրավման մեխանիզմներ: Ինչպես մի դեռահաս աղջիկ ասաց նրան Գյումրի կատարած այցի ժամանակ՝ «Չափահասները պետք է ականջալուր լինեն մեզ, երբ մեր կյանքին վերաբերող որոշումներ են կայացնում»: Տիկին դե Բյոր-Բուքիքիոն դիմել է իշխանություններին՝ այս կոչը իրականություն դարձնելու խնդրանքով՝ Հայաստանում երեխաներին լավագույնս պաշտպանելու առաքելությամբ:

Անկախ փորձագետը ողջունել է ընթացիկ օրենսդրական բարեփոխումների իրականացումըեւ դիմել է նաեւ օրենսդիրներին՝ արագացնելու Ընտանեկան եւ Քրեական օրենսգրքերի համապատասխանեցումը Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ներառյալ՝ որդեգրման հետ կապված բոլոր հարցերի վերջնական կարգավորումը:

«Որդեգրումը պետք է բխի երեխայի լավագույն շահերից եւ ոչ՝ որդեգրող ծնողների: Որդեգրումը պետք է լինի վերջին հնարավոր միջոցը», – նշել է նա: Նա նաեւ կոչէ արել Կառավարությանը եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին որպես առաջնահերթություն սահմանել ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը՝ որպես երեխաների դեմ չարաշահման եւ բռնության, ինչպես նաեւ գենդերային անհավասարության դեմ պայքարի եւ կանխարգելման գործիք:

Ի թիվս այլ առաջարկությունների, դե Բյոր-Բուքիքիոն խրախուսել է Կառավարությանը իր ուշադրությունը սոցիալապես անապահով եւ հաշմանդամություն ունեցող երեխաների ինստիտուցիոնալացումից սեւեռել դեպի ընտանեկան խնամքի եւ համայնքի վրա հիմնված ծառայությունների մատուցում:

Ավելին, երեխաների պաշտպանության համակարգում առկա են թերություններ, որոնք կարող են լուծվել տեղական մակարդակում՝Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովներում վերապատրաստված հաշվետու մասնագետների նշանակման միջոցով:

«Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի կարգավիճակը պետք է վերանայվի երեխայի պաշտպանության համապարփակ քաղաքականության շրջանակներում՝ օժտելով այն համակարգման եւ վերահսկման գործառույթներով», – հավելել է տիկին դե Բյոր-Բուքիքիոն:

Հատուկ զեկուցողը   բարձր է գնահատել թրաֆիքինգի դեմ պայքարում Ոստիկանության՝ անչափահասների իրավունքների եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ղեկավարությամբ միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից կատարված համակարգման աշխատանքը: Ավելին, նա նշել է, որ այս մոդելները պետք է ընդարձակվեն եւ արտացոլվեն՝ առավել արդյունավետ պայքարելու երեխաների սեռական չարաշահման, բռնության եւ սեռական շահագործման դրսեւորումների դեմ:

Եզդիների փոքրամասնության շրջանում տարածված երեխաների ամուսնությունների վերաբերյալ մարդու իրավունքների փորձագետը կոչ է արել իշխանություններին իրականացնել իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ Եզդիների համայնքի ղեկավարների հետ միասին՝ բացառելու երեխաների ամուսնության դեպքերը:

Համացանցի արագ աճող թափանցելիության մակարդակի վերաբերյալ տիկին դե Բյոր-Բուքիքիոն նշել է, որ այն մեծ հնարավորություններ է տալիս Հայաստանին, բայց նաեւ պահանջում է պարտադիր իրազեկելերեխաներին եւ ծնողներին համացանցի օգտագործման հետ կապված ռիսկերի մասին: «Մասնավորապես, ես առաջարկում եմ Կառավարությանը համագործակցել ՏՀՏ ընկերությունների, դպրոցների եւ հասարակական կազմակերպությունների հետ թվային կրթության միջոցառումների կազմակերպման գործում՝ թիրախավորելով ոչ միայն երեխաներին, այլ նաեւ ծնողներին եւ խնամողներին», – կարեւորել է նա:

Այցի վերջնական զեկույցը հատուկ զեկուցողը կներկայացնի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին 2016թ.: