Խաղաղապահ առաքելության մասնակիցները սեռական ծառայությունների դիմաց պարբերաբար ապրանքներ են փոխանակում նրանց հետ, որոնց պետք է պաշտպանեն։ Այս մասին ասված է ՄԱԿ նոր զեկույցում։ Դեռեւս չհրապարակված զեկույցի տեքստը հայտնվել է Reuters գործակալության ձեռքում։
Զեկույցում ասվում է, որ Լիբերիայի եւ Հաիթիի հարյուրավոր կանայք, գտնվելով ծայրահեղ աղքատության մեջ, քաղցից դրդված, սեռական բնույթի ծառայություններ են մատուցել խաղաղապահներին։ Դրա դիմաց նրանք ստացել են ուտելիք, գումար, թանկարժեք իրեր, բջջային հեռախոսներ եւ այլն, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Համաձայն զեկույցի՝ 2008-2013թթ. ընթացքում գրանցվել է նման բնույթի 480 խախտում, որոնց 1/3-ը կատարվել է երեխաների նկատմամբ։





























