Եմենում այս տարվա մարտի վերջից հակամարտության սրման պատճառով զոհվել է մոտ 1700 մարդ, վիրավորվել՝ 3800-ը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը։
«Հուլիսի 3-13-ը ընկած հատվածում զոհվել է առնվազն 142 քաղաքացիական անձ, որոնց թվում՝ 36 երեխա եւ 27 կին։ 224 քաղաքացիական անձ վիրավոր է։ Այսպիսով՝ մարտի 26-ից Եմենում սպանված քաղաքացիական անձանց թիվը հասել է 1670-ի»,- Ժնեւում հայտարարել է վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլը, գրում է ՏԱՍՍ-ը։
Քոլվիլի խոսքով՝ հատկապես շատ զոհեր են եղել հուլիսի 6-ին, երբ օդային հարվածներից տուժել էին 2 շուկաները։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը ավելի վաղ հայտարարել էր այն մասին, որ Եմենի հակամարտության կողմերը համաձայնության են եկել Ռամադանի ժամանակ հրադադար պահպանել, սակայն Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան շարունակում է ռմբակոծել ապստամբ հուսիների դիրքերը։



























