Մի քանի ժամ բանակցելուց հետո ոստիկանները վերջապես կարողացան Երևանի Կիևյան կամրջից  իրեն ցած նետել սպառնացող կնոջը անվտանգ տարածք տեղափոխել` կամրջի ցանկապատից այս կողմ:

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը կնոջ հետ երկար բանակցելուց հետո ի վերջո կարողացավ համոզել նրան ինքնասպանության չգնալ, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կնոջը տեղափոխում են իր աշխատասենյակ, որպեսզի ծանոթանան խնդրին, իսկ երբ ՀՀ ոստիկանապետը Հայաստանում լինի, խնդիրը կներկայացնեն նաև նրան:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կինը, որի անունը, ինչպես պարզվեց, Լուսինե է, հրաժարվել է պատասխանել բոլոր հարցերին։

Նշենք, որ կամրջին  հսկողություն իրականացնող ոստիկաններից մեկը մեզ հետ զրուցում ասաց, որ ինքը այդ պահին կամրջի մյուս ծայրին է եղել, եւ չի նկատել, թե ինչպես է Լուսինեն անցել արգելապատնեշից այն կողմ, ըստ երեւույթին գործել է շատ արագ։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի Կիեւյան կամրջից  մոտ 30 տարեկան մի կին սպառնում է ցած նետվել: Կինն անցել է կամրջի արգելապատնեշից այն կողմ, նա հայտարարում է, որ «ոստիկաններն իր փողերը կերել են» եւ պահանջում է հանդիպում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Կինն իր հետ բերել է երկու մանկահասակ երեխաներին:

Դեպքի վայրում են փրկարարները, ոստիկաններ, «Շտապօգնության» ծառայությունը: Ոստիկանները կնոջը փորձում են համոզել, որ հրաժարվի իր մտադրությունից: