Լիբիայի հակամարտության կարգավորման բանակցությունների նոր փուլը կընթանա օգոստոսի 10-12-ը Ժնեւում ՄԱԿ ստորաբաժանմունքում։  Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ժնեւում ՄԱԿ ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին։

«Երկուշաբթի ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ Լիբիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Բերնարդինո Լեոնը իր խմբի հետ կլինի այստեղ։ Նրա հետ կժամանի լիբիական կողմի մոտ 30 ներկայացուցիչ։ Որքանով ես հասկանում եմ, նրանք ցանկանում են հանդիպումն ավարտել չորեքշաբթի»,- ասել է նա։

Լեոնի խոսքով՝ կողմերին անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը եւ համատեղ աշխատել տարաձայնությունների հարթման համար եւ ստեղծել հիմք, որի վրա կարող է կնքվել Լիբիայի ռազմական եւ քաղաքական հակամարտության խաղաղ լուծումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լիբիայի ներկայացուցիչները հուլիսի 12-ին Մարոկկոյում հաստատել էին համաձայնագրի տեքստը, որում նշված են ներլիբիական հակամարտության լուծման, ազգային միասնության կառավարության ստեղծման եւ երկրում անվտանգության պահպանման պայմանները։ Ընդ որում, Տրիպոլին վերահսկող իսլամական Համընդհանուր ազգային կոնգրեսը փաստաթուղթը չի ստորագրել։