Ավելի քան 12.9 մլն եմենցիների համար անհրաժեշտ հիմնական սննդամթերքներն անհասանելի են։ Այս մասին օգոստոսի 11-ին Ժնեւում հայտարարել է սնվելու իրավունքի հարցերով ՄԱԿ զեկուցող Հիլալ Էլվերը։
«Հակամարտությունների ժամանակ սնվելու իրավունքը չի դադարում գործել, ընդհակառակը՝ այն ավելի արդիական է դառնում՝ հաշվի առնելով այն խոցելի իրավիճակը, որում հայտնվում են մարդիկ»,- ընդգծել է փորձագետը։ Նրա խոսքով՝ հատկապես ծանր վիճակում են 6 մլն եմենցի։ Թերսնուցումից տառապում է 850 հազար երեխա, եւ եթե հակամարտությունը շարունակվի, այդ թիվը կարող է հասնել մինչեւ 1.2 մլնի, գրում է ՏԱՍՍ-ը։
Բանախոսը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Եմենի հակամարտության ժամանակ մի շարք նահանգներում շրջափակման մեջ են հայտնվում բնակավայրերը, իսկ շուկաներն ու մթերքներով բեռնատարները կրակահերթի տակ են հայտնվում։
«Քաղաքացիական բնակչության շրջանում դիտավորյալ առաջացրած քաղցը ինչպես միջազգային, այնպես էլ ներքին հակամարտությունների պայմաններում կարող է ռազմական հանցագործություն լինել կամ մարդկության դեմ գործած հանցանք»,- նշել է նա։
Էլվերը հիշեցրել է հակամարտ կողմերին, որ միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է խաղաղ բնակչության եւ ռազմագերիների համար ուտելիք եւ ջուր ապահովել։




























