ՄԱԿ-ի անդամ երկրների ու մասնավոր դոնորների՝ ՄԱԿ-ին փոխանցած գումարները Եմենում մարդասիական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ 1,6 միլիարդ դոլարի 20%-ից էլ փոքր գումար են կազմել։ Այդ մասին չորեքշաբթի օրը Ադենում լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը։
«Եմենի բնակչությանն օգնություն հատկացնելու ջանքերը կաշկանդված են ֆինանսավորման պակասի պատճառով։ Դոնորները բավարար միջոցներ չեն հատկացրել երկրի մարդասիրական հսկա կարիքները բավարարելու համար։ Եմենի ճգնաժամին արձագանքման պլանի իրականացման համար ՄԱԿ-ին անհրաժեշտ է 1,6 միլիարդ դոլար։ Մենք դրա ընդամենը 18%-ն ենք ստացել, կամ էլ՝ 282 միլիոն դոլար», - ասել է Օ՛Բրայենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, նավահանգստային Ադեն քաղաքը, որը նորից անցել է կառավարության վերահսկողության տակ, «ամայացած է լարված հակամարտության եւ բռնության երեք ամիսների հետեւանքով»։ Նա նշել է, որ հարձակման են ենթարկվել քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ դպրոցները, հիվանդանոցները եւ մանկապարտեզները։ Ինչպես հաղորդել է Օ՛Բրայենը, մոտ ժամանակներս ինքը կվերադառնա Նյու Յորք, որտեղ տեսածի մասին կզեկուցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։





























