Իհարկե, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը գուցե չի բխում մեր հարեւանների շահերից, բայց մենք պիտի կառուցենք այն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման իրական հեռանկարներին եւ այդ հարցի վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշմանը:

Հայաստանն ու Ռուսաստանը, նրա խոսքով, ռազմավարական դաշնակիցներ են, Եվրասիական տնտեսական միության անդամներ: «Բայց մենք նաեւ մեր հետաքրքրություններն ունենք, մեր ժողովրդի, մեր հայրենիքի շահերը, եւ ես պատրաստ եմ գործընկերոջ կարգավիճակով նրանց հետ քննարկել այդ հարցը», - նշել է Աբրահամյանը: Մեր երկրի եւ տնտեսության համար, ընդգծել է վարչապետը, Իրան-Հայաստան երկաթգիծը շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի:   «Եվ մենք դա կանենք, անկախ նրանից` դա որեւէ մեկին կվիրավորի, թե չէ, բխում է որեւէ մեկի շահերից, թե չէ: Փաստ է, որ կառուցման հաջող ավարտը կնպաստի տնտեսության ակտիվացմանը եւ մեր բիզնեսի զարգացմանը», - ամփոփել է Հովիկ Աբրահամյանը: