ԱՄՆ-ը կշարունակի իր ներկա քաղաքական կուրսը, որը ենթադրում է ընտրողական համագործակցություն Ռուսաստանի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը:

Նրա գնահատմամբ, «այնտեղ, որտեղ մենք կարող ենք աշխատել, որտեղ մեր շահերը համընկնում են, որտեղ մենք փոխգործակցում ենք միջազգային համակարգի շրջանակներում, մեզ մոտ ամեն բան նորմալ է»:

«Մենք պատրաստ չենք փոխել մեր հիմնարար սկզբունքները, միջազգային համակարգի կանոններն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը, եթե վերջիններս չեն համընկնում Ռուսաստանի շահերին: Նույնկերպ մենք կշարունակենք աշխատել այն ոլորտներում, որտեղ կարող ենք, եւ այն ժամանակ, երբ կարող ենք»,-ասել է Նուլանդը:

Նրա խոսքով, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մայիսին մեկնել է Սոչի, որպեսզի «փորձի երաշխավորել, որ կարող ենք ուղիղ խոսել առանցքային անձանց հետ, որոնք պատասխանատու են Ռուսաստանում որոշումների կայացման համար»:

Դրա հետ կապված Նուլանդը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ բավական վաղուց առանձին հանդիպում չի եղել: Նուլանդը չի բացառել, որ նրանք սեպտեմբերին կարող են հանդիպել միանգամից մի քանի բազմակողմ միջոցառումներում, Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակներում:

Նուլանդը պարզաբանել է, որ ոչ մի պաշտոնական հայտարարություն երկու նախագահների հնարավոր շփումների մասին ինքն այս պահին չունի: