Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, Նյու Յորքում, որի ժամանակ կներկայացնի երկրի ներսում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի կառավարության հայտարարությունը:

Թաիլանդի վարչապետի այցը նախատեսված է սեպտեմբերի 23-ից հոկետմբերի 1-ը: Վարչապետի մասնակցությունը ՄԱԿ-ի նստաշրջանին թույլ կտա այլ երկրների ներկայացուցիչներին ավելի լավ ճանաչել Թաիլանդի վարչապետին, քանի որ նրանցից շատերը նրա մասին լսել են միայն այն, ինչ Պրայուտի մասին գրում է մամուլը:

Գեներալ Չան օչան Թաիլանդում իշխանության է եկել 2014-ի մայիսին ռազմական հեղաշրջման ճանապարհով: Ընդդիմության բազմահազարանոց բողոքի ակցիաներին այդպես է պատասխանել երկրի բանակը: Պրայուտ Չան Օչան այդ ժամանակ եղել է բանակի ցամաքային զորքերի ղեկավարը, որի գործողությունները խիստ քննադատության են արժանացել շատ արեւմտյան քաղաքական գործիչների կողմից:

Նախորդ տարի ՄԱԿ-ի նստաշրջանում Թաիլանդը ներկայացրել է այդ երկրի ԱԳ նախարար Տանասակ Պատիմապրակորնը: