Կիպրոսի թուրքական հատվածից գողացված մասունքները սեպտեմբերի 15-ին ցուցադրության են հանվել Կիպրոսի Բյուզանդական թանգարանում:
Ցուցանմուշների թվում է նաեւ հայկական Ավետարանի ձեռագիրը, որը թվագրվում է 14-րդ դարով: Ձեռագիրը գողացվել է 1963 թվականին, Նիկոսիայի հայկական Սուրբ Աստվածամայր եկեղեցուց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Gibrahayer պարբերականը:
Ցուցահանդեսից հետո ձեռագիրը կփոխանցեն վերանորոգման:
Գանձերը, այդ թվում՝ եկեղեցու որմնանկարի կտորներ, սրբապատկերներ, հայկական Ավետարանի ձեռագրեր եւ նախապատմական 40 հնություններ, հայտնաբերվել են 1997 թվականին, Մյունխենում ապրող թուրք դիլերի բնակարանում:
Դրանք վերադարձվել են այն բանից հետո, երբ Գերմանիայի վերաքննիչ դատարանը վերջնական որոշում է կայացրել Թուրքիայի կողմից գրավված Կիպրոսի շրջաններից թուրք մաքսանենգների գողացած գանձերի մասին:





























