Հաջորդ տարի UN ESCAP-ի տարեկան համաժողովը նվիրված է լինելու դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրներին: Այս մասին, սեպտեմբերի 27-ին, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ասիա-խաղաղօվկանոսյան տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցերով տեղակալ, Ասիա-խաղաղօվկանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հարցերով (UN ESCAP) ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախտարը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Շամշադ Ախտարը Էդվարրդ Նալբանդյանին ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են դեմի ծով ելք չունեցող երկրների առջեւ ծառացած խնդիրներին, քննարկվել են UN ESCAP-ի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում տիկին Ախտարը տեղեկացրել է, որ հաջորդ տարի UN ESCAP-ի տարեկան համաժողովը նվիրված է լինելու դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրներին։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Դեվիդ Հարիսի գլխավորությամբ: Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Ամերիկայի հրեական կոմիտեի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է միջազգային համատեղ ջանքերը` մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման ու կանխարգելման ուղղությամբ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացների, մի շարք տարածաշրջանային միջազգային հիմնահարցերի վերաբերյալ:





























