Երեւանի Իսակովի պողոտայի բնակելի շենքերից մեկի 9-րդ հարկից հոկտեմբերի 8-ին նետվելու միջոցով ինքնասպանություն գործած Հրազդանի բնակիչ 28-ամյա Արամ Ա.-ն ամուսնացած էր, ուներ 1.5 տարեկան երեխա: NEWS.am-ին շենքի բնակիչները պատմեցին, որ 28-ամյա երիտասարդը  նույն շենքում արդեն 2 տարի էր, ինչ ընտանիքի հետ վարձով էր բնակվում։ Բնակիչների խոսքով, երիտասարդի հայրն ու մայրը տանն են եղել, ոտքերից բռնել են, փորձել կանխել ինքնասպանությունը, սակայն չեն կարողացել փրկել նրան:

Հարևանները պատմեցին, որ այսօր առավոտյան Արամի համար «Շտապօգնություն» են կանչել, բժիշկները խորհուրդ են տվել տղային հոգեբանի մոտ տանել:

NEWS.am-ն  ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 8-ին,  ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայի բնակելի շենքերից մեկի բակում 28-ամյա երիտասարդի դի կա: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել ոստիկանների եւ քննիչների խումբ: Դեպքի հանգամանքները պարզվում են: