Բուլղարիայում նախատեսում են երկրի վիզա ստանալիս կենսաչափության պարտադիր ընթացակարգ մտցնել։ Այդ մասին տեղեկացնում է «Բուլղարական նորությունները՝ ռուսերեն» կայքը։ Նշվում է, որ երկու շաբաթ անց երկրի կառավարությունում եւ Ժողովրդական ժողովում քննարկումներից հետո այդ փոփոխությունները կմտցվեն Օտարերկրյա քաղաքացիների մասին օրենքի մեջ, տեղեկացնում է Lenta-ն։
Ենթադրվում է, որ կարճաժամկետ վիզայի դիմում ներկայացրածներից մատնահետքեր կվերցվեն։ Բացի այդ, փոփոխությունները կվերաբերեն նաեւ նրանց, ովքեր պատրաստվում են գործարարության նպատակով կեցության երկարաժամկետ թույլտվություն ստանալ։ Օտարերկրացիների այդ կարգի համար նախատեսվում է պարտադիր պահանջներ մտցնել, որոնց համաձայն, գործարարները պարտավոր կլինեն աշխատանքի ընդունել Բուլղարիայի առնվազն տասը քաղաքացու։
Փոփոխությունների նպատակը օտարերկրացիների այցելությունների նպատակը եւ պատճառները խստորեն վերահսկելն է։ Նշվում է, որ փոփոխությունների նախագծում առաջարկվում է Եվրամիության քաղաքացիների համար պարզեցնել երկրաժամկետ վիզայի թույլտվություն ստանալու կարգը։





























