Պե՞տք է արդյոք Հայաստանը պահանջի ոչ միայն Ցեղասպանության ճանաչումը, այլ նաեւ տարածքային ու այլ փոխհատուցումներ։ Սա շատ բարդ հարց է, ավելի բարդ, քան կարող է թվալ առաջին հայացքից, կարծում է լեհ գիտնական Զբիգնեւ Շմուրլոն։
Նրա կարծիքով՝ այսօր տարածքային սահմաններին «ձեռք տալը» շատ վտանգավոր է, եւ Ուկրաինայի օրինակը դրա ապացույցն է։
«Եթե սկսենք փոխել սահմանները, կարող ենք հայտնվել արդեն բոլորովին այլ աշխարհում։ Ես չգիտեմ՝ ավելի լավ կլինի, թե վատ, բայց կարծում եմ, որ փոխհատուցման եւ ճանաչման ցանկացած որոշում ցավոտ է լինելու»,- նշել է գիտնականը՝ հավելելով, որ հնարավոր է՝ իմաստ ունի սկզբում հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, իսկ դրան արդեն կհաջորդեն դիվանագիտական քայլերը։
Շմուրլոն հայ չէ, բայց նա լավ է հասկանում, թե ինչ կարեւոր է տարածքային փոխհատուցման հարցը հայերի համար, եւ հարգում է նրանց դիրքորոշումը։ Լեհերին այդ խնդիրը նույնպես ծանոթ է. շատ շրջաններ կան, որոնք նախկինում Լեհաստանինն էին, իսկ հիմա իրենց չեն պատկանում, սակայն լեհերն այդ տարածքների նկատմամբ հավակնություններ չունեն։
«Ազգը կենդանի օրգանիզմ է, սահմանները՝ նույնպես։ Մենք չենք կարող կտրել սահմանները, ձեւափոխել դրանք, ինչպես անում են համակարգչային խաղերի ժամանակ»,- նշել է Զբիգնեւ Շմուրլոն եւ հավելել, որ ցանկացած սահմանային փոփոխություն հսկայական խնդիրներ եւ միլիոնավոր մարդկանց ճակատագրերի հետ է կապված։ Հենց այդ պատճառով տարածքային փոխհատուցման հարցը նրան շատ բարդ է թվում։





























