Ադրբեջանը փորձել է ճնշում գործադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա։
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Եվրադատարանում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը ՄԻԵԴ-ի նախագահ Դին Շպիլմանին նամակ է ուղարկել, որում քննադատություն է հայտնել վերոհիշյալ միջազգային դատական հաստատության գործունեության վերաբերյալ։
Չինգիզ Ասկերովն իր ուղերձում նշում է, որ 2008-ի հունիսին ՄԻԵԴ-ը Ադրբեջանին տեղեկացրել է եւս մի գործի մասին, որը կապ ունի ղարաբաղյան հակամարտության հետ՝ «Առաքելյանը Ադրբեջանի դեմ»։ 2009-ի ապրիլին կողմերն արտահայտել են իրենց դիրքորոշումներն այս գործի վերաբերյալ, որում հայցվորը Սարգսյանի պահանջներին նման պահանջներ է ներկայացրել։ Սարգսյանի գործի վերաբերյալ վճռի հրապարակումից հետո ՄԻԵԴ-ը նորից է ընթացք տվել Առաքելյանի գործին եւ կողմերին խնդրել է լրացուցիչ նյութեր ներկայացնել։
Դրա հետ կապված՝ Ասկերովը հայտարարում է, որ Հայաստանի դեմ ադրբեջանական կողմը նմանատիպ հայցեր է ներկայացրել, որոնց թվում են Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի կանանց դատական գործերը։ Այս տարվա մարտին Ֆիրուզա Ասկերովան եւ Ալբինա Վեսելովան դիմել էին ՄԻԵԴ։ «Նրանք խնդրում են իրենց դիմումների վերաբերյալ պարտավորեցնող որոշումներ կայացնել, ինչպես նաեւ խնդրում են ՄԻԵԴ կանոնակարգի 41-րդ հոդվածի համաձայն, արտոնյալ կարգով քննության առնել իրենց հայտարարությունները։ Սակայն հայցերի ուսումնասիրման բաժնի ղեկավարը, չղեկավարվելով համաձայնագրի 39-րդ հոդվածով, որոշել է , որ հայցվորների գործերը չեն քննարկվի արտոնյալ կարգով», - ասվում է նամակում։ Չինգիզ Ասքերովը միաժամանակ նշում է, որ ՄԻԵԴ-ը, ղեկավարվելով 41-րդ հոդվածով, սկսել է Ադրբեջանի դեմ ավելի քան տասը հայց քննել։
«Վերոհիշյալը հաշվի առնելով՝ Ադրբեջանն իր բողոքն է հայտնում ՄԻԵԴ-ում գործերի ուսումնասիրման նման կարգի դեմ. ՄԻԵԴ-ն առնվազն պիտի անաչառ եւ արդարադատ լինի Եվրոպայի յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ», - գրում է Ասքերովը։
Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսի 16-ին դատարանը որոշում է կայացրել «Չիրաղովը եւ այլոք Հայաստանի դեմ» եւ «Սարգսյանը Ադրբեջանի դեմ» գործերի վերաբերյալ։ Ադրբեջանը փորձում է իր օգտին մեկնաբանել որոշումը։





























