Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի օդային տարածքում անվտանգության հարցեր, տեղեկացրել է նախարարության պաշտոնական կայքը։
«Ուշադրության կենտրոնում էր Սիրիայի իրավիճակը։ Գոհունակություն է հայտնվել հակաահաբեկչական գործողությունների համատեքստում Սիրիայի օդային տարածքում անվտանգության միջոցառումների համաձայնեցման ուղղությամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների աշխատանքի վերաբերյալ »,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Գազետան»։
Նշվում է, որ Լավրովը եւ Քերրին պայմանավորվել են Ժնեւյան համաձայնագրին համապատասխան Սիրիայի ճգնաժամի կարգավորման տարբեր կողմերի վերաբերյալ հետագա շփումների մասին։ Քննարկվել է նաեւ «նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպման արդյունքներին համապատասխան ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը։





























