Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 15-ին, վրաերթի ենթարկված ամուսինները Շիրակի մարզի Կարմրավան համայնքից էին. 1 տարի առաջ երեխա էին որդեգրել, ինչի հետ կապված էլ մայրաքաղաք էին եկել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կարմրավանի գյուղապետ Մանուկ Հարությունյանը։ 

Գյուղապետի խոսքով, ամուսինները 8-20 տարի ամուսնացած էին, երեխա չէին ունենում։ Անցած տարի էին որդեգրել, իսկ նախօրեին էլ թղթային ինչ-որ խնդիրների համար էին եկել Երեւան։ 

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Ավելի վաղ հայտնել էին, որ Երեւանի Չաուշի փողոցում 2015թ. հոկտեմբերի 15-ին 14:30-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է գրանցվել: «ԶԻԼ» մակնիշի վարորդը վրաերթի է ենթարկել Կարապետյան ամուսիններին: Կինը տեղում մահացել էր, իսկ ամուսինը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վերջինիս վիճակը բավարար է: