Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի Ջրօգտագործողների միության ղեկավար 48-ամյա Սեւդին Սադոյանը օրեր առաջ թույն խմելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ֆերիկի գյուղապետ Նորիկ Հայրապետյանը:

Ըստ գյուղապետի՝ ինչպես բոլոր գյուղացիները, այնպես էլ Ջրային կոմիտեի ինքնասպանության փորձ կատարած ղեկավարը պարտքեր ունի, սակայն միանշանակ չէ՝ արդյոք պարտքերի պատճառով է փորձել կյանքին վերջ տալ:

«Մարդը որ թույն է խմել, նշանակում է՝ ինչ-որ դրդապատճառներ կան, բայց ոչ ոք չգիտի՝ ինչն է նրան ստիպել այդ քայլին դիմել: Իսկ կա՞ մի գյուղացի, որ պարտք չունի, ես համայնքի ղեկավար եմ, էլի բանկին պարտքեր ունեմ: Եթե մեկը մեկին պարտք է, պարտքատերը մի օր ուզում է պարտքը: Բայց էն պարտքերը, որ ինքը ուներ, էնքան էլ մեծ թիվ չէին կազմում, որի համար կարող էր ինքնասպանություն գործել»,-ասաց գյուղապետը:

Նորիկ Հայրապետյանը նշեց, որ այժմ Սեւդին Սադոյանը հիվանդանոցում է գտնվում: Վիճակը բավարար է:

Ինքնասպանության փորձ կատարած տղամարդը ամուսնացած է, ունի երեք երեխա: