Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը (ԿՊՀ) ԱՄՆ Հարկային ծառայությանը (IRS) բողոք է ուղղել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ՝ ռուս գեղասահորդ Տատյանա Նավկայի կողմից ամերիկյան օրենսդրությունը խախտելու համար: Այս մասին հաղորդում է Նավալնիի կայքը:
Դիմումի պատճառը ԿՊՀ-ի անցկացրած հետազոտությունն է, որի ընթացքում հիմնադրամի աշխատակիցներն իմացել են Նավկայի կողմից Մերձմոսկվայում տուն գնելու մասին: Հիմնադրամի փորձագետների խոսքով, հողատարածքը գնելու համար Նավկան կարող էր 5.6 մլն դոլար ծախսել, իսկ անշարժ գույքի ընդհանուր արժողությունը հիմնադրամը 7 մլն դոլար է գնահատել:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, ԿՊՀ-ում կարծում են, որ Նավկան բավականաչափ միջոցներ չունի այդպիսի գնում կատարելու համար: Այստեղ ենթադրում են, որ գեղասահորդը տունը գնել է «կոռուպցիոն փողերով»:
Սեպտեմբերի կեսերին Նավալնիի հիմնադրամը տեղեկացրել էր, որ դիմելու է Ռուսաստանի Քննչական կոմիտե եւ ԱԴԾ՝ խնդրելով Պեսկովին ստուգել «կոռուպցիայի եւ պաշտոնական եկամուտներին ծախսերի համապատասխանության» մասով: Հիմնադրամը Պեսկովին մեղադրում էր Զիյավուդին Մագոմեդովի «Սումմա» խմբի համասեփականատեր լինելու մեջ:
Ավելի վաղ ԿՊՀ-ի ներկայացուցիչները Դմիտրի Պեսկովի հարսանեկան լուսանկարներում ժամացույց էին նկատել, որը հիմնադրամը 37 մլն ռուբլի էր գնահատել: Պեսկովը հայտարարել էր, որ ժամացույցն իրեն կինն է նվիրել՝ հավելելով, որ դրանք «հայտարարված արժեքից ավելի էժան են»:





























