ՄԱԿ-ը շատ կտրուկ է արձագանքել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի այն հայտարարությանը, թե Ադոլֆ Հիտլերին 1941 թ. հրեաների ոչնչացման մտահղացումով ոգեշնչել էր պաղեստինցիների կրոնական առաջնորդ, Երուսաղեմի մուֆթի Հաջ Ամին ալ Հուսեյնին:

«Ցանկացած ենթադրություն այն մասին, որ հրեաների նկատմամբ Հոլոքոստի հարցում Հիտլերին կարող էին ոգեշնչել պաղեստինցիները, մահմեդականները կամ նացիստներից բացի էլի ինչ որ մեկը, անհեթեթություն է»,- լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: Նրա խոսքով, նմանատիպ արտահայտությունները «չեն նպաստում լարվածության նվազեցմանը», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հաքը նշել է, որ Իսրայել ու Պաղեստին կատարած իր այցի ժամանակ վերջին օրերին Բան Կի Մունը «բոլոր քաղաքական, հասարակական ու կրոնական առաջնորդներին կոչ էր անում հանդես գալ սադրանքների դեմ»: «Նա կշարունակի այդպես անել»,-շեշտել է համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը:

Շատ երկրների հասարակայնության վրդովմունքն առաջացրած այդ արտահայտությունը Իսրայելի վարչապետն արել էր երեքշաբթի՝ Երուսաղեմում 37-րդ Սիոնյան համագումարում: «Նա (ալ Հուսեյնին) Բեռլին էր գնացել: Հիտլերն այդ ժամանակ դեռ չէր ուզում ոչնչացնել հրեաներին, նա ուզում էր միայն արտաքսել նրանց: Ալ Հուսեյնին եկել է Հիտլերի մոտ ու ասել «Եթե դու նրանց վռնդես, նրանք կգան այստեղ (Պաղեստին)»: «Այդ դեպքում ի՞նչ անեմ նրանց հետո»,- հարցրել է նա (Հիտլերը): Նա (ալ Հուսեյնին) ասել է «Այրի նրանց»,- հավաստիացրել է Նեթանյահուն