Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անարդար է կոչել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմն ու այն բարեփոխելու կոչ արել:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամների թվում որեւէ մահմեդական երկիր չկա: Աշխարհն ավելին է, քան 5 մշտական անդամները, որոնք չեն ներկայացնում բոլոր մայրցամաքները: Մի՞թե դա արդար է: Աշխարհի շուրջ 200 երկրների ստիպված են ենթարկվել հինգ երկրներից մեկի քմահաճույքին: Գործող կարգն այլեւս չի համապատասխանում ներկա իրականությանը, այն պետք է փոփոխվի»,- Իրավաբանական հետազոտությունների հավաքի ժամանակ ելույթում հայտարարել է Էրդողանը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նա առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փոփոխվող ոչ մշտական անդամների թիվը 10-ից հասցնել 20 երկրի՝ նրանց ԱԽ մշտական անդամների իրավունքներ տալով: