Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի պահման պայմանները չեն տարբերվում այլ դատապարտյալների պայմաններից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական մամուլում հնչող «պարզաբանումը», թե ինչու Ադրբեջանի ներկայացուցիչը չի մասնակցում ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի նիստին:

«Ասքերովի եւ Գուլիեւի «խոշտանգման» մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նրանք առնվազն անտրամաբանական են. ինչո՞ւ խոշտանգել նրան, ով դատապարտվել է դատարանի կողմից եւ պատիժ է կրում: Բայց եթե դա քիչ է, հիշեցնեմ, որ ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ասքերովին ու Գուլիեւին, եւ տեղյակ են նրանց պահման պայմաններին»,-ասել է Յուրի Հայրապետյանը:

Նրա խոսքով, ադրբեջանական կողմը հերթական անգամ անլուրջ մոտեցում է ցուցաբերել լուրջ խնդիրներին, որոնք նա չի ցանկանում լուծել: «Այդպես ամեն անգամ կարելի է վկայակոչել Ղարաբաղը եւ չաշխատել՝ հրաժարվելով հաշվետվություններ ուղարկել»,-ընդգծել է Հայրապետյանը:

Նշենք, որ Խոշտանգումների դեմ ադրբեջանական հանձնաժողովի նախագահ Էլչին Բեհբութովը հրաժարվում է մասնակցել նոյեմբերի 12-13-ին Ժնեւում կայանալիք ՄԱԿ-ի խոշտանգումների  հանձնաժողովի նիստին եւ հաշվետվություն ուղարկել Ադրբեջանում խոշտանգումների հետ կապված իրավիճակի մասին՝ վկայակոչելով, թե Ասքերովի եւ Գուլիեւի նկատմամբ խոշտանգումներ են կատարվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ոստիկանությունը տարածել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  

Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման: