Հայաստանն ունի ցավալի փորձ` երբ միջազգային միջնորդական ջանքերը, միակողմանի կերպով, ենթարկվում են խեղաթյուրման եւ կանոնավոր չարաշահման։ Այդ մասին ասել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, որը ելույթ է ունեցել նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում կայացած «Պահպանելով միջազգային խաղաղությունը եւ անվտանգությունը` արտացոլելով պատմությունը. Անվտանգություն, զարգացում եւ հակամարտությունների արմատները» խորագրով բաց քննարկմանը։ Այն նախագահում էր ՄԹ-ի միջազգային զարգացման նախարար Ջ.Գրինինգը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկմանը մասնակցեցին ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-մունը, Նիդերլանդների արտաքին առեւտրի եւ համագործակցության նախարարը, Ռուանդայի համագործակցության նախարարը, Պորտուգալիայի ԱԳեւՀ պետքարտուղարը, նոբելյան մրցանակի դափնեկիր Ու. Բուչամաուին` ընդհանուր թվով շուրջ ութ տասնյակից ավելի պետությունների ներկայացուցիչներ:

Իր ելույթում Հայաստանի դեսպանը նախ կարեւորեց հակամարտությունների կանխարգելումը` հնարավորինս վաղ փուլում, քանի որ հապաղումն այս հարցում հղի է վեճերի թեժացմամբ, խոշոր մարդասիրական ճգնաժամերով եւ, ի վերջո, ոճրագործություններով: Անդրադառնալով խնդրո առարկայի շուրջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցին, ՀՀ դեսպանը նշեց, որ «տեւական անարդարությունը, խտրականությունը եւ հիմնարար ազատությունների մերժումը` հաճախ հանդիսանում են հակամարտությունների հիմնաղբյուրները: Հայերը վերապրել են նման փորձ: Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է արժանանա պատշաճ ուշադրության` ՄԱԿ-ի բոլոր կառույցների` եւ առաջին հերթին ԱԽ-ի կողմից: Քաղաքացիական հասարակության դերակատարությունը` անփոխարինելի է»:

«Հայաստանն ունի ցավալի փորձ` երբ միջազգային միջնորդական ջանքերը, միակողմանի կերպով, ենթարկվում են խեղաթյուրման եւ կանոնավոր չարաշահման, նպատակ ունենալով տապալել այդ գործընթացը կամ ենթարկել միջազգային իրավունքը կամայական մեկնաբանության», – հավելեց Զոհրաբ Մնացականյանը, շեշտելով, որ միջազգային հանրության ջանքերի համախմբումն անհրաժեշտ միջոց է` յուրաքանչյուր հակամարտության կանխարգելման կամ կարգավորման ճանապարհին:

Ելույթում հիշատակվեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ ԳՔ Հատուկ խորհրդականի դերակատարությունը ի հայտ եկող ռիսկային իրավիճակների բացահայտման գործում եւ վերահաստատվեց Հայաստանի աջակցությունը վերջինիս գործունեությանը:

Ելույթի ամփոփիչ հատվածում դեսպան Մնացականյանը նշեց, որ վեճերի կարգավորման տարածաշրջանային միջազգայնորեն համաձայնեցված բանակցային ձեւաչափն ավելի ուրույն աջակցության կարիք ունի: «Հայաստանը մշտապես ողջունել է միջազգային հանրության եւ ՄԱԿ-ի ԳՔ-ի աջակցությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորմանը», – եզրափակեց Զոհրաբ Մնացականյանը: