«Լուսավոր Հայաստան» կուսակցության գլխավոր նպատակներից մեկը քաղաքական համակարգի առողջացումը, իսկ թիրախներից մեկն էլ կառավարման շատ ծախսատար համակարգը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որի նախաձեռնությամբ է ստեղծվում կուսակցությունը։

«Մեր բոլոր խնդիրները, որոնց մասին ամեն օր խոսում ենք, շան գլուխը թաղված է քաղաքական համակարգի մեջ։ Մեր հիմնական թիրախներից մեկը լինելու է կառավարման ծախսատար համակարգը, մեր կարծիքով, անհրաժեշտ է ունենալ փոքր կառավարություն՝ արդյունավետ գործունեությամբ։ Մեր կուսակցությունը պայքարելու է կոռուպցիայի դեմ, իսկ Արցախի լուծման հայանպաստ լուծումը տեսնում ենք ուժեղ տնտեսության մեջ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով՝ առանց ուժեղ Հայաստանի՝ հնարավոր չէ խոսել համահայկական խնդիրների լուծման մասին, քանի որ ներքին հզորություն է անհրաժեշտ, արդյունավետ կառավարություն, առողջ քաղաքական համակարգ։

«Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա մեր կուսակցության կարծիքով՝ առկա պետական շինարարության զարգացումներում Հայաստանի համար եվրոպական մոդելի ձեւավորման ինստիտուտն է։ Այս տարիների ընթացքում մենք ստեղծել ենք տարբեր կառույցներ, սակայն բովանդակային առումով ոչինչ չունենք։ Մենք պետք է վավերացնենք ԵՄ ասոցացման պայմանագիրն ու ունենանք եվրոպական մոդելի երկիր»,- նշեց ԱԺ պատգամավորը։

Նշենք, որ կուսակցության հիմնադիր համագումարին ներկա են 245 պատվիրակ։ Մինչեւ համագումարի մեկնարկը՝ ներկաները մեկ րոպեով հարգեցին նախօրեին հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցի հետեւանքով զոհված Կարեն Գրիգորյանի հիշատակը։