Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատունը հայտնաբերել է  մաքսային ձեւակերպումներից խուսափած 62 ավտոմեքենա:

Ֆիննախից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի տեղեկացմամբ` 2015 թվականի ընթացքում հայտնաբերվել է 62 չմաքսազերծված ավտոմեքենա. «Ավտոմեքենաների 30 տոկոսը բացահայտվել է մաքսատան կողմից պարբերաբար իրականացվող ստուգայցերի ընթացքում: Ներկայում ուժեղացված աշխատանքներ են տարվում իրավախախում թույլ տված եւս 150 ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ»: Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների բոլոր ձեւակերպումներն իրականացվում են  մեկ վայրում` այդ նպատակով, մաքսատան տարածքում առանձնացված հատուկ մասնագիտացված սպասարկման սրահում` վճարելով նաեւ ԱԱՀ-ը:

«Այդպիսով, նույն վայրում՝ մեկ հարկի տակ, քաղաքացին ոչ միայն կատարում է իր հարկային պարտավորություններն, այլեւ, միաժամանակ անցնում է փորձագիտական կենտրոնի զննությունը, ստանում Ինտերպոլի համապատասխան փաստաթուղթը եւ հաշվառման կանգնում ոստիկանությունում»,-ընդգծել է Բաբկեն Ղազարյանը: 2015 թվականին ԵԱՏՄ երկրներից Հայաստան է ներկրվել 5 700 մեքենա, իսկ երրորդ երկրներից` 24 000: «Նախորդ տարիների համեմատ աճի միտում է արձանագրվել Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման մասով. եթե նախկինում տարեկան կտրվածքով արտահանվել է առավելագույնը 500-600 ավտոմեքենա, ապա այս տարվա ընթացքում` 4500»,-նշել է ավտոմաքսատան ղեկավարը: