Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Թագավարության պաշտպանության նախարարությունների միջեւ պաշտպանական բնագավառում համագործակցության շրջանակներում Լոնդոնում հունվարի 14-ին անցկացվել են հայ-բրիտանական երկրորդ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են 2015թ. երկկողմ համագործակցության արդյունքները եւ քննարկվել են հայ-բրիտանական պաշտպանական բնագավառում 2016-2017թ.թ. համագործակցության հեռանկարները: Քննարկումների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը եւ քննարկումներին մասնակցող բրիտանական պատվիրակության ղեկավար, Միացյալ Թագավորության միջազգային անվտանգային քաղաքականության տնօրեն Նիք Գըրը (Director International Security Policy, Mr. Nick Gurr) ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Թագավարություն պաշտպանության նախարարությունների միջեւ պաշտպանական բնագավառում 2016-2017 թվականների համագործակցության պլանը: Այն ընդգրկում է համագործակցության մոտ երկու տասնյակ ուղղություններ, որոնք հիմնականում առնչվում են ռազմական կրթությանը եւ վերապատրաստմանը, տարբեր ոլորտներում փորձի փոխանակմանը եւ այլն: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նախատեսվող ՀՀ պաշտպանությանը եւ անվտանգությանը վերաբերող օրենսդրության վերանայման նպատակով, հաշվի առնելով վերոնշյալ ոլորտներում Մեծ Բրիտանիայի խորհրդարանական կառավարման մեծ փորձը՝ համագործակցության պլանով նախատեսվում է  խորհրդատվական աջակցություն:  

Ռազմաքաղաքական խորհրդակցությունների ամփոփումը իրականացվել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության պահեստազորի եւ միջազգային պաշտպանական համագործակցության հարցերով պետական նախարար պարոն Ջուլիան Բրեյզերի (UK Minister of State for Reserves also responsible for International Defence Cooperation Mr. Julian Brazier) հետ հանդիպման ընթացքում:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ պատվիրակության հանդիպումը ՄԹ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով դիրեկտորատի տնօրեն Մայքլ Թաթհամի (Head of Eastern Europe & Central Asia Directorate, Foreign and Commonwealth Office Mr. Michael Tatham) հետ:  Քննարկվել են երկկողմ պաշտպանական համագործակցությանը, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր: Մասնավորապես՝ ներկայացվել է զինված դիմակայության իրավիճակը:

Այսօր՝ հունվարի 15-ին, Միացյալ Թագավորության խորհրդարանում նախատեսվում է հանդիպում ՄԹ խորհրդարանի բոլորը կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ, ՄԹ խորհրդարանի անդամ Ստեֆան Փաունդի (Mr. Stephan Pound, MP, Chair, Armenia All-Party Parliamentary Group) հետ:

Պատվիրակության աշխատանքներին իր մասնակցությունն է բերել ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության դեսպանորդ Արմեն Լիլոյանը: