Հունվարի 15-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. բանակային տարվա արդյունքները: Ռազմական խորհդի նիստին ներկա էին հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, հանրապետության ուժային կառույցների ղեկավարները, բանակի, միավորումների եւ զորամասերի հրամկազմը, զինկոմիսարիատների եւ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Բանակի հրամանատարի ներածական խոսքից եւ աշխատակարգի հրապարակումից հետո, 2015թ. մարտական եւ զորահավաքային պատրաստականության, օպերատիվ եւ շտաբների պատրաստության, զորքերի ծառայության արդյունքների շուրջ հաշվետու զեկույցով հանդես է եկել ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ով անդրադարձել է նշված ոլորտներում արձանագրված ինչպես դրական ցուցանիշներին, այնպես էլ այն ուղղություններին, որոնք պահանջում են հետագա՝ առավել համակարգված եւ նպատակային աշխատանքներ: Զեկույցներ են հնչել նաեւ ՊԲ մարտական, կրտսեր հրամանատարների եւ մասնագետների պատրաստության համալիր միջոցառումների, մարտական դիրքերի բարելավման եւ պլանային ինժեներական աշխատանքների, զինվորական կարգապահության վիճակի եւ դաստիարակչական աշխատանքի արդյունքների վերաբերյալ:

Այնուհետեւ հրապարակվել է ՊԲ հրամանատարի հրամանը՝ 2015թ. ուսումնական տարվա արդյունքների մասին, համաձայն որի նշված ժամանակահատվածում լավագույնը ճանաչված զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարներին, բաժինների եւ ծառայությունների պետերին հանձնվել են արձանագրված արդյունքների մասին վկայող փոխանցիկ պատվոդրոշներ: Ծառայողական պարտականությունների կատարման մեջ առավել աչքի ընկած զինծառայողները արժանացել են շնորհակալության, պարգեւատրվել արժեքավոր նվերներով եւ դրամական պարգեւներով:

Ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրային գործընթացների իրականացման գործում աչքի ընկած զինծառայողներին պարգեւատրել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: ՀՀ պաշտպանության նախարարը խորհրդանշական հուշանվեր է հանձնել նաեւ Արցախի իր պաշտոնակից Լեւոն Մնացականյանին:

Վերջում ՊԲ հրամանատարը հանդես է եկել ամփոփիչ խոսքով եւ ներկաների ուշադրությունը հրավիրել 2016թ. կարեւորագույն խնդիրների վրա՝ մասնավորապես շեշտը դնելով ուսուցման ու իրականացվող առաջադրանքների փոխկապակցվածության, նախորդ տարվա արդյունքներից համապատասխան հետեւություններ կատարելու, կազմակերպվելիք գործընթացներն ու միջոցառումներն առավել հասցեական եւ նպատակային կերպով կյանքի կոչելու հարցերին: