Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ փետրվարի 29-ին, հանդիպել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնի հետ եւ քննարկել ԼՂ խնդրի բանակցային ներկա փուլը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ հանձնակատար Ալ Հուսեյնը բարձր է գնահատել Հայաստանի նախաձեռնողական, հետեւողական ջանքերը նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ` ընդգծելով, որ այսօր միջազգային հանրությունն առավել վճռական է տրամադրված մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։ Այս առումով նախարար Նալբանդյանն շեշտել էց. «Որպես 20-դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք պարտավորված ենք զգում քայլեր ձեռնարկել մարդկության դեմ նոր հանցագործությունները բացառելու գործում միջազգային հանրության ջանքերի միավորման ուղղությամբ»։

Հանդիպմանը քննարկվել են Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի հետեւանքով մարդու իրավունքներին, փոքրամասնություններին առնչվող խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առումով նշվել է, որ Հայաստանը ապաստան է տվել Սիրիայից ժամանած շուրջ 20 000 փախստականների։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ Հայաստանի եւ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների միջեւ արդյունավետ համագործակցություն է հաստատվել։

Զրուցակցի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։