Մենք երբեք չենք մոռանա ցեղասպանությունը վերապրած հայերին օգնության ձեռք մեկնած եղբայրական հույն ժողովրդի աջակցությունը և նոր հայրենիքում արարելու և ստեղծագործելու հնարավորության ընձեռումը: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Աթենքում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո իր հայտարարությունում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ննշել է.
«Նախ եւ առաջ թույլ տվեք երախտագիտություն հայտնել անձամբ Ձեզ, պարոն վարչապե՛տ, նախագահ Պավլոպուլոսին եւ, իհարկե, եղբայրական հույն ժողովրդին՝ առանձնահատուկ ընդունելության համար: Ամեն անգամ Հունաստան այցելելիս մեծ ջերմությամբ եմ լցվում: Այդ ջերմության հիմքում, անկասկած, մեր ժողովուրդների՝ դարերի փորձություն անցած բարեկամությունն է, ինչն այսօր մեր ամուր միջպետական հարաբերությունների հիմնաքարն է:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այցելության ընթացքում շատ բաց ու կառուցողական քննարկումներ ունեցա իմ հույն գործընկերների՝ նախագահ Պավլոպուլոսի եւ վարչապետ Ցիպրասի հետ: Քննարկեցինք հայ-հունական հարաբերությունների ողջ օրակարգը, համագործակցության հեռանկարները: Ուրախությամբ արձանագրեցինք, որ մեր մոտեցումները թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ առավելապես համընկնում են: Միաժամանակ համաձայնեցինք, որ պետք է անենք ավելին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում մեր համագործակցությանը նոր որակ եւ դինամիկա հաղորդելու համար։
Երկուստեք կարեւորեցինք սույն այցի շրջանակներում ստորագրվող փաստաթղթերը, որոնք միտված են առողջապահության, բժշկագիտություն, մշակույթի, կրթության ու հետազոտությունների բնագավառներում մեր համագործակցության խորացմանը: Սրանք այն ոլորտներն են, որտեղ մեր երկրները մրցակցային առավելություն ունեն, ուստի պետք է առավելագույնս աշխատենք օգտագործել դա։
Համաձայնեցինք, որ մեր հարաբերությունների օրակարգում ամենաթույլ օղակը, ցավոք, առեւտրատնտեսական կապերն են, ինչն, անշուշտ, պայմանավորված է նաեւ օբյեկտիվ գործոններով։ Պարոն Ցիպրասին ասացի, որ մենք ուշադրությամբ հետեւում ենք առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված Հունաստանի կառավարության ջանքերին. վստահ ենք, որ ձեր երկրին կհաջողվի հաղթահարել բոլոր փորձությունները: Հայաստանը խորապես շահագրգռված է բարեկամ Հունաստանի տնտեսական եւ քաղաքական կայունությամբ ու առաջընթացով:
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ ռազմական ոլորտը դարձել է մեր համագործակցության ավանդական ուղղություններից, եւ այսօր էլ մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործընկերությունը: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեցի Հունաստանի կառավարության կողմից Հայաստանին քաղաքացիական եւ ռազմական կրթության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար։ Վերջին 20 տարիների ընթացքում ավելի քան 200 հայ զինծառայող եւ սպա կրթվել է Հունաստանում։ Սա է այն հիմքը, որը թույլ է տալու ապագայում նորանոր հաջողություններ արձանագրել այս ոլորտում։ Մենք երբեւէ չպետք է հեռանանք այն գիտակցումից, որ մեր երկու ժողովուրդների անվտանգությունը փոխշաղկապված են:
Անշուշտ, Հունաստանի հետ համագործակցությունը կարեւորվում է նաեւ Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության համատեքստում, քանզի ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը թե՛ բարեփոխումների իրականացման առումով, թե՛ որպես տնտեսական խոշոր գործընկեր։ Շնորհակալ ենք նաեւ այս առանցքում մեզ ցուցաբերվող աջակցության համար։
Առանձնահատուկ կարեւորում ենք ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը եւ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին։
Անշուշտ, հայ-հունական բարեկամության հարատեւման գործում մեծ դեր է վերապահված հունահայ համայնքին: Մենք երբեք չենք մոռանա ցեղասպանությունը վերապրած հայերին օգնության ձեռք մեկնած եղբայրական հույն ժողովրդի աջակցությունը եւ նոր հայրենիքում արարելու եւ ստեղծագործելու հնարավորության ընձեռումը: Բարձր եմ գնահատում նաեւ Հունաստանի սկզբունքային դիրքորոշումը այդ ծանրագույն հանցագործության ճանաչման եւ դատապարտման հարցում: Մեր ազգային ողբերգության 100-րդ տարելիցին ընդառաջ Հունաստանը վերահաստատեց այդ հարցում իր հանձնառությունը՝ ընդունելով Ռասիզմի եւ այլատյացության դեմ օրինագիծը (2014թ. սեպտեմբերի 9-ին), որով քրեականացվեց նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը՝ օրինակելի ուղերձ հղելով համաշխարհային քաղաքակրթությանը: Հայաստանի ԱԺ-ն էլ իր հերթին 2015թ. միաձայն ընդունեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը: Սա վառ վկայությունն է նրա, որ համերաշխության ոգին դարեր շարունակ միավորել է ու միավորելու է մեր ժողովուրդներին:
Մեր երկրների բազմադարյա հոգեւոր եւ մշակութային ընդհանրությունների մասին է վկայում նաեւ իմ այցի շրջանակներում Աթենքի Բյուզանդական եւ քրիստոնեական թանգարանում բացված «Հայաստան. Արարատի ոգի» խորագիրը կրող ցուցահանդեսը: Նման միջոցառումները կարեւոր են բարեկամության ոգին պահպանելու եւ այն հաջորդ սերունդներին փոխանցելու տեսանկյունից:
Բարեկամության ոգին պահպանելու տեսանկյունից նաեւ շատ կարեւոր համարեցինք բարձրաստիճան փոխայցելություններն ու հենց այս համատեքստում ես պարոն Ցիպրասին հրավիրեցի այցելել Հայաստան: Շատ ուրախ եմ, որ նա ընդունեց հրավերը, եւ մեկ անգամ եւս մենք անդրադարձանք այն խնդրի կարեւորությանը, որ պետք է մշտապես աշխատել բարեկամության օգտին: Բարեկամությունը պետք է սնել, խթանել, որի ձեւերից մեկն էլ հաճախակի հանդիպումներն են:
Մեկ անգամ եւս շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար:































