Այս կադրերը արվել են մի քանի ամիս առաջ: 19-ամյա Կամոն, որպես օրինակելի զինվոր, պատմում է ծառայությունից: Մարտի 14-ին նրան գտել են մարտական դիրքում մահացած՝ կզակին ստացած հրազենային վնասվածքից: Նախնական վարկածով՝ Կամոյին ինքնասպանության են հասցրել: Պատանին, որը սոցիալական ծանր պայմաններում ապրող բազմազավակ ընտանիքից էր, ավագ եղբոր հետ մի քանի օր առաջ էր խոսել, ասել էր, որ դժգոհ է ծառայությունից, ուզում է տեղափոխվել այլ զորամաս:

Սերժ Սարգսյանը Հունաստանում հանդիպել է նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի, երեկոյան էլ՝ հայ համայնքի հետ: Պաշտոնական այցի երկրորդ օրը Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Աթենքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հանդիպումներ ունեցել Հունաստանի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ: Վարչապետ Ցիպրասը հեռանկարային է համարել Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը՝ հաշվի առնելով Հայաստանի ջերմ հարաբերությունները Իրանի հետ: Օրվա երկրորդ կեսին նախագահը մեկնել է Կիպրոս:

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները Ազգային ժողովում հանդիպումներ են ունեցել խմբակցությունների հետ, քննարկել Ընտրական նոր օրենսգիրքը: ՀԱԿ-ը, Ժառանգությունը ներկայացրել են իր պահանջները, որոնք հիմնականում համընկնում են՝ հատկապես քվեարկածների ցուցակների հրապարակման հարցում: Երկուսն էլ տպավորություն էին ստացել, որ միջազգային փորձագետները կարող են փոխել այս հարցում իրենց դիրքորոշումը, եթե քաղաքական ուժերը միասնական լինեն: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ի հետ հանդիպմանը Վենետիկի հանձնաժողովի անդամներն այս հարցը չէին բարձրացրել, փոխարենը առաջարկել են տեսախցիկներ տեղադրել ընտրատեղամասերում, ինչը ՀՀԿ-ն խոստացել է քննարկել, ինչպես նաեւ պատրաստ է փոխել ընտրատեղամասերում դիտորդների եւ լրագրողների թվի սահմանափակման դրույթը, ինչի մասին մտահոգություն է բարձրացրել նաեւ ԲՀԿ-ն:

Աշխարհը փորձում է հասկանալ Պուտինի անսպասելի որոշումը՝ ռուսական հիմնական ռազմատիեզերական ուժերը դուրս բերել Սիրիայից:  Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ սա Մոսկվայի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների չեղարկմանն ուղղված առաջին քայլն է: Պուտինն ինքն իր այս որոշումը բացատրել է նրանով, որ ռուսական միջամտությունը բեկում է մտցրել հակաահաբեկչական պայքարում, եւ սիրիական բանակն ունակ է այսուհետ ինքնուրույն շարունակել պայքարը: Արդեն այսօր ռուսական օդանավերի երկու խումբ լքել է ավիաբազան: Ս-400 զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաեւ օդանավերի մի մասը դեռ որոշ ժամանակ կմնան Սիրիայում:

Ամերիկյան Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Սպիտակ տանը կոչ է անում պահանջել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռազմական տրիբունալ ստեղծի՝ Սիրիայում մարդկության դեմ հանցանքները քննելու համար:

Անկարայում տեղի է ունցել երկար սպասված Ալիեւ-Էրդողան հանդիպումը։ Արդեն 2-րդ անգամ Էրդողանի Բաքու այցից առաջ Անկարայում խոշոր պայթյուն է տեղի ունենում: Այս անգամ Ալիեւն ինքն է Անկարա գնացել։  Հանդիպման օրակարգում նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցն է եղել: Էրդողանը հույս է հայտնել, որ ապրիլի 25-ին իրեն վերջապես կհաջողվւի Բաքու այցելել:

Վրաստանում սեքս սկանդալին միջամտել է երկրի նախագահը: Youtube-ում անհայտ անձը սեքս տեսանյութ է հրապարակել, հերոսների դեմքերը ծածկած, ու սպառնացել, որ հերթը մյուս քաղաքական գործիչներին էլ կհասնի։  Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին յուրօրինակ ձեւով է արձագանքել քաղաքական շրջանակներում սկսված խուճապին: Սեքսով զբաղվելն ամոթ չէ,  անձամբ ես հարուստ սեռական կյանք եմ ունեցել եւ ապագայում էլ կունենամ՝ ասել է Վրաստանի նախագահը՝ խոստանալով պատժել տեսանյութը տարածողներին:

Վլադիմիր Գասպարյանը կրկին հրապարակավ զայրացել է, պատճառը ոստիկանների սերտ կապերն են կրիմինալ աշխարհի հետ: Ոստիկանապետն այսօր նախազգուշացրել է օպերատիվ ծառայությունների աշխատողներին. կրիմինալներին ինֆորմացիա փոխանցողները միանգամից կհեռացվեն համակարգից: Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանն օրեր առաջ աշխատանքից ազատել էր մի քանի մարզերի ոստիկանապետերի՝ «Թեւոսիկի» հետ մի սեղանի շուրջ նստելու համար:

Հիմնական տարադրամների փոխարժեքները նվազել են: Դոլարի փոխարժեքը  կազմել է 487, եվրոյինը՝ 539, ֆունտինը 690, ռուբլունը՝ 6.89 դրամ:

Մարտի 16-ին տեղումներ կլինեն Սյունիքում ու Լեռնային Ղարաբաղում: Հայաստանի մնացած տարածքում տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը շարունակելու է նվազել , հատկապես գիշերային ժամերին: Երևանում այս գիշեր կլինի մինչև 2 , իսկ վաղը ցերեկը ՝ մինչև 10 աստիճան տաքություն: