Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 14-ի երեկոյան հանդիպում է ունեցել Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման սկզբում Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում հերթական անգամ հաղորդակցվելու հնարավորության համար եւ տեղեկացրել բարեկամ Հունաստան իր պաշտոնական այցի հագեցած օրակարգի, նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ կայացած բանակցությունների արդյունքների, քննարկված հարցերի մասին, պատասխանել նաեւ ներկաներին հետաքրքրող հարցերին:

Սերժ Սարգսյանը ուրախությամբ է փաստել, որ հայ-հունական դարավոր ջերմ հարաբերությունները ոչ միայն պահպանվել են, այլեւ պետական եւ քաղաքական հարաբերությունների փուլ են թեւակոխել, ինչում, նախագահի համոզմամբ, ակնհայտորեն կարեւոր դերակատարում ունի հունահայ համայնքը: «Անթաքույց հպարտության պահեր եմ ապրում, երբ ամեն անգամ մեր հույն գործընկերներն անդրադառնում են հայ համայնքի ունեցած ներդրմանը հունական պետության զարգացման գործում, երբ առանձնակի ջերմությամբ է խոսվում հայերի աշխատասիրության ու նվիրվածության, համայնքի կազմակերպվածության մասին»,-ասել է Նախագահը։

Հայ-հունական հարաբերություններից բացի, նախագահն անդրադարձել է այս տարի իր անկախության անկախության 25-ամյակը նշող մեր պետության ներքին եւ արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, Հայաստանի զարգացման ընթացքին, միտումներին եւ գերակա ուղղություններին, Հայաստանի եւ Սփյուռքի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներին, տարածաշրջանային եւ միջազգային արդի մարտահրավերներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Հայաստան-Սփյուռք համակարգված աշխատանքի արդյունքում իրականացված բազմաթիվ միջոցառումներին, այդ թվում` Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: «Հունաստանը այն երկրներից է, որ ոչ միայն առաջիններից մեկը (1996թ.) ճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր, այլեւ 2014թ. օրենքի ուժով քրեականացրեց Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանության ժխտումը:

Երբեք չենք մոռանա Հունաստանի եւ հույն ժողովրդի անգնահատելի աջակցու-թյունը հայերին, ինչպես Մեծ եղեռնի, այնպես էլ դրան հաջորդած տարիներին, երբ հայ գաղթականներով լի նավերը խարիսխ գցեցին հունական Պիրեա նավահանգստում: Հույների օգնությամբ մեր պապերը հաստատվեցին Աթենքում, Սալոնիկում, Թեսալիայի, Մակեդոնիայի եւ Թրակիայի ընդարձակ տարածքներում եւ այլուր՝ ստանալով Հունաստանի իշխանությունների անվերապահ աջակցությունն ու օժանդակությունը։

Այսօր նույնպես մենք ականատեսն ենք երկրի բարձրաստիճան պաշտոնյաների գործուն մասնակցությանը Հայոց ցեղասպանության հիշատակմանը, մասնավորապես 100-րդ տարելիցի միջոցառումներին: Մենք ուշի ուշով հետեւում էինք համայնքում իրականացված աշխատանքներին եւ, այս առումով, կցանկանայի առանձնակի շնորհակալություն հայտնել տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբին, նրա աջակիցներին, բոլոր կառույցներին, անհատներին՝ ձեռնարկներն այդչափ բարձր մակարդակով կազմակերպելու համար: Մենք քաջ գիտակցում ենք, որ 100-րդ տարելիցը մի հանգրվան է, որտեղից մեր պայքարը նոր թափ է առնելու: Այս փորձառությունն ու ձեռքբերումները պետք է օգտագործենք Հայ դատն առավել կազմակերպված եւ համակարգված առաջ տանելու համար։

Սիրելի՛ ներկաներ,

Մենք իսկապես ունենք միայն երկու մնայուն արժեք՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Մնացած ամեն ինչ ածանցվում է սրանից։ Հետեւաբար մեր ռազմավարական խնդիրներից է կազմակերպված եւ ուժեղ սփյուռք ունենալը, իսկ սփյուռքի գերխնդիրը՝ հայապահպանությունն է, ուծացման եւ լեզվամշակութային կորստի դեմ պայքարը ապագա բոլոր սերունդների համար։ Մենք պետք է համատեղ հետեւողական ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ, մշակենք ու կյանքի կոչենք առավել նպատակային եւ հեռահար ծրագրեր։ Համոզված եմ, որ ազգապահպանության բանալին նախեւառաջ հզոր Հայրենիքն է: Ազգի ներուժի մեկտեղմամբ պետք է կառուցենք ամուր ու ապահով Հայաստան:

Հայաստանի եւ Սփյուռքի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելը։ Ավելի քան 17 հազար սիրիահայ է տեղափոխվել Հայաստան, եւ Հայրենիքը բոլոր հնարավոր միջոցներով ջանում է նեցուկ կանգնել նրանց։ Ուրախ եմ, որ սիրիահայության աջակցության կոչին միացան նաեւ աշխարհասփյուռ հայկական համայնքները, այդ թվում նաեւ դուք, ինչի շնորհիվ հնարավոր եղավ զգալիորեն թեթեւացնել նրանց առօրյա խնդիրները՝ հատկապես Սիրիայում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս տարի մենք ազգովի եւ մեծ շուքով նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Խորհրդային Միության փլուզումից հետո մենք ունեցանք վերելքներ ու վայրէջքներ, նվաճումներ ու կորուստներ: Անցած 25 տարիները լի էին բազում դժվարություններով եւ անելանելի թվացող իրավիճակներով։ Մենք անկախացանք իսկապես դժվարին պայմաններում՝ երկրի հյուսիսը պատուհասած ավերիչ երկրաշարժը, մեզ պարտադրված պատերազմը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացված շրջափակումը, դրան գումարած քաղաքական ու տնտեսական համակարգի արմատական բարեփոխումների հրամայականը բազում մարտահրավերների առաջ էին կանգնեցրել մեզ: Բայց մենք չընկրկեցինք, հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում ու մտանք պետականաշինության ու զարգացման ուղի։

Այսօր էլ կան մեր բնակոն զարգացումը խոչընդոտող մի շարք գործոններ, բացասական երեւույթներ, բայց այս համատեքստում պետք է շեշտեմ մի շատ կարեւոր բան` պետությունը բացարձակ արժեք է, պետականությանը պետք է հավատալ, նվիրվել: Պետությունը, ինչպես մեր ընտանիքները, ամենօրյա հոգածության կարիք է զգում: Մեր պետության մեջ դրականն էլ ենք մենք, բացասականն էլ, չենք կարող մեզ վերագրել դրականն ու օտարել բացասականը, կամ խոսել միայն բացթողումներից` չնկատելով ձեռքբերումները: Պետության կերտողները մենք ենք, յուրաքանչյուրս՝ իր անմնացորդ նվիրումով, եւ բոլորս` մեր միասնական ու համատեղ աշխատանքով։

Չնայած դժվարություններին՝ անկախության այս մեկ քառորդ դարում մենք հաջողություններ ենք արձանագրել, որոնք մեր զարգացման ուղին անդառնալի են դարձնում: Ձեւավորել ենք ժողովրդավարական ինստիտուտներ, քաղաքացիական հասարակություն, տնտեսության զարգացման կարեւոր նախադրյալներ: Այս 25 տարիների ընթացքում մեր երկիրը դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ՝ իր համեստ ներդրումն ունենալով միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում: Հավասարակշռված, թափանցիկ եւ հետեւողական արտաքին քաղաքականության շնորհիվ մենք կարողացանք խուսափել լուրջ աշխարհաքաղաքական վայրիվերումներից՝ փոխշահավետ համագործակցային հարաբերություններ հաստատելով մեր տարածաշրջանում ներգրավված տարբեր ուժերի հետ:

Այդուհանդերձ, պետականաշինությունը շարունակական գործընթաց է. ժողովրդավարական ինստիտուտները, օրենսդրական դաշտը պետք է մշտապես կատարելագործվեն՝ լավագույնս ծառայելով մեր քաղաքացիներին ու մեր նպատակների ձեռքբերմանը: Դուք գիտեք, որ վերջերս մենք կարեւորագույն փոփոխություններ կատարեցինք Հայաստանի Մայր օրենքում` Սահմանադրությունում: Այս գործընթացով մենք թեւակոխում ենք զարգացման որակական նոր փուլ, որն իմ խորին համոզմամբ մեծապես նպաստելու է առավել բաց, առավել արդար հասարակության կառուցմանը, երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական միավորումների առավել լայն ընդգրկմանը, հող է նախապատրաստելու մեր գալիք սերունդների կյանքն ավելի բարենպաստ ու անվտանգ դարձնելու համար։ Քսանհինգամյա անկախությամբ ամրացած` մենք այսօր հավատով ենք առաջ նայում, տեսնում ու չենք թաքցնում մեր արատներն ու առաջ գնալու հստակ քայլեր ենք անում»,- Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահը: