Հաագայում ոստիկանությունը ցրել է մի քանի հարյուր ծայրահեղ աջ ցուցարարների այն բանից հետո, երբ միգրացիոն քաղաքականության և ապաստանի տրամադրման քաղաքականության դեմ ակցիայի ընթացքում անկարգություններ են սկսվել, հաղորդել է Associated Press-ը։

Մի քանի մարդ ձերբակալվել է։

Բախումները տեղի են ունեցել շաբաթ օրը կենտրոնական Մալիվելդ այգում, որտեղ հավաքվել էին նախապես ծրագրված երթի մասնակիցները։ Անկարգությունների սկսվելուց հետո Հաագայի իշխանություններն արգելել են երթի անցկացումը և կարգադրել ցրել հավաքվածներին։

Ոստիկանության տվյալներով՝ որոշ ցուցարարներ սկսել են ճայթռուկներ և այլ առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ։ Ամբոխը ցրելու համար ներգրավվել են զանգվածային անկարգությունների դեմ պայքարի ոստիկանության ստորաբաժանումներ։

Նիդերլանդների արդարադատության նախարար Դավիդ վան Վեելը տեղի ունեցածի նկատմամբ «ծայրաստիճան խիստ» արձագանքի կոչ է արել։ X-ում կատարած գրառման մեջ նա տեղի ունեցողն անվանել է «զզվելի տեսարաններ» և հայտարարել, որ ցույցի որոշ մասնակիցներ օգտագործել են նացիստական ողջույն, հնչեցրել հակասեմական կարգախոսներ, հարձակվել ոստիկանների վրա և նրանց ուղղությամբ ճայթռուկներ նետել։

Վան Վեելը շնորհակալություն է հայտնել ոստիկանության աշխատակիցներին, որոնք, նրա խոսքով, պաշտպանում են ժողովրդավարական իրավական պետությունը։

Շաբաթ օրվա անկարգությունները տեղի են ունեցել Հաագայում աջ ուժերի ակցիայի շուրջ նախորդ բախումներից մեկ տարի անց։ Այդ ժամանակ սև հագուստով ցուցարարների և ոստիկանության միջև դիմակայության ընթացքում հրկիզվել էր ոստիկանական ավտոմեքենա, իսկ D66 կենտրոնամետ կուսակցության շտաբ-բնակարանը ենթարկվել էր հարձակման։

D66-ի առաջնորդը ներկայում Ռոբ Յետենն է, որը զբաղեցնում է Նիդերլանդների վարչապետի պաշտոնը։