ՆԱՏՕ-ն պատրաստ է պատասխանել դաշինքի արևելյան թևում Ռուսաստանի կողմից հնարավոր էսկալացիային, շաբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպե Կավո Դրագոնեն, գրել է Politico։

Նրա խոսքով՝ դաշինքն ունի անհրաժեշտ ուժեր, սպառազինություն և ռազմական ծրագրեր, ինչպես նաև շարունակում է մեծացնել դրանց թվաքանակն ու հնարավորությունները։

«Դաշինքը պատրաստ է, կառույցը պատրաստ է, զինվորները պատրաստ են, զենքը պատրաստ է», — ասել է Դրագոնեն լրագրողներին Կոպենհագենում՝ ՆԱՏՕ 32 երկրների գլխավոր շտաբների պետերի հանդիպումից հետո։

Հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ եվրոպացի առաջնորդները նախազգուշացնում են ՆԱՏՕ երկրներից մեկի դեմ հնարավոր ռուսական սադրանքի մասին։ Հինգշաբթի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին Մոսկվան կարող է անօդաչու թռչող սարքեր կամ հրթիռներ ուղարկել դաշինքի սահմանամերձ երկիր՝ ստուգելու ՆԱՏՕ պատրաստվածությունը հավաքական պատասխանին։ Ավելի ուշ նմանատիպ ռիսկերի մասին խոսել էին նաև Ֆրանսիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները։

Վերջին շաբաթներին եվրոպական երկրները հաղորդում էին օդային տարածքի նոր խախտումների և շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին դիվերսիայի փորձերի մասին։ Օգոստոսին ամերիկյան հետախուզությունը նույնպես զգուշացրել էր, որ Ռուսաստանը հեռանկարում կարող է փորձել սահմանափակ ռազմական գործողություն իրականացնել ՆԱՏՕ որևէ երկրի դեմ՝ ստուգելու դաշինքի պատրաստվածությունը։

Դրագոնեի խոսքով՝ եվրոպացի առաջնորդների վերջին նախազգուշացումները շաբաթ օրվա գլխավոր շտաբների պետերի հանդիպմանը առանձին չեն քննարկվել։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ունի մոտ 4 հազար էջից բաղկացած ռազմական ծրագրեր արևելյան թևի պաշտպանության համար։ Դրանք նախատեսում են գործողություններ նաև դաշինքի երկրների տարածքում «նվազագույն ճգնաժամի կամ միջամտության» դեպքում։

ՆԱՏՕ պաշտպանության երեք տարածաշրջանային օպերատիվ ծրագրերը դաշնակիցները համաձայնեցրել էին 2023 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո։

«Մենք պատրաստ ենք էսկալացիայի դեպքում։ Հարձակման դեպքում մենք գիտենք ինչ անել», — հայտարարել է Դրագոնեն։

Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին և ամիսներին Ռուսաստանի գործողությունները շարունակում են փորձարկել ՆԱՏՕ երկրների վճռականությունը և ուղղված են դաշնակիցների միջև վստահությունը խաթարելուն ու նրանց միասնությունը թուլացնելուն։

Դրագոնեն ընդգծել է, որ, իր գնահատմամբ, այդ գործողությունները ոչ թե պառակտում են դաշինքը, այլ, հակառակը, դրդում են նրան ամրապնդել ռազմական կարողություններն ու համակարգումը։