Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալ և սպասում է կողմերի պատասխանին, NTV հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ ներկա պայմաններում առայժմ դժվար է հասնել երկարաժամկետ արդյունքի։ Ֆիդանը նշել է, որ կողմերը պետք է որոշեն՝ շարունակե՞լ պատերազմը, որը հանգեցնում է հետագա փոխադարձ ոչնչացման, թե՞ գտնել մարտական գործողությունները դադարեցնելու ընդունելի կետ։
«Մենք առաջարկն ուղարկել ենք երկու կողմերին և սպասում ենք պատասխանին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի առաջին առաջնահերթությունը Սև ծովից հացահատիկի դուրսբերումն է։
«Հացահատիկը, ի տարբերություն էներգակիրների, արտադրանք է, որը վաճառում են երկու երկրները»,- նշել է Ֆիդանը։
Նախարարը չի բացահայտել Մոսկվային և Կիևին փոխանցված առաջարկի բովանդակությունը։





























