«Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից առաջ է անցնում Իսրայելի կառավարության ղեկավարի պաշտոնի նախընտրելի թեկնածուի մասին հարցման մեջ, գրել է Mignews-ը։

Եթե Կնեսետի ընտրությունները կայանային հիմա, հարցվածների 48 տոկոսը կցանկանար վարչապետ տեսնել Այզենկոտին, 40տոկոսը՝ Նեթանյահուին։ Lazar Research և Panel4All ընկերությունների հարցումն անցկացվել է սեպտեմբերի 16–17-ին՝ Maariv թերթի պատվերով։

Նեթանյահուի հետ ուղիղ համեմատությունում առաջատար է նաև նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը՝ 44՝ 41 տոկոսի դիմաց։ Իսկ Ավիգդոր Լիբերմանի համեմատ, հակառակը, առավելությունը մնում է Նեթանյահուի կողմում՝ 42՝ 38 տոկոսի դիմաց։

Միևնույն ժամանակ, կուսակցությունների արդյունքներն անհրաժեշտ մեծամասնություն չեն տալիս կառավարություն ձևավորելու համար ոչ մի քաղաքական բլոկի։ «Յաշարը» ստանում է 23 մանդատ և մնում է ամենախոշոր կուսակցությունը, Նեթանյահուի «Լիկուդը»՝ 18։ Բենեթի «Բ’Յաչադ» կուսակցությունը ստանում է 13 մանդատ, Յաիր Գոլանի «Դեմոկրատները» և Լիբերմանի «Իսրայել Բեյթենուն»՝ իննական։

Հարցման համաձայն՝ Նեթանյահուի կոալիցիան 120 տեղանոց Կնեսետում ստանում է 50 տեղ, մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները՝ 54։ Եվս 12 մանդատ բաժին է ընկնում արաբական կուսակցություններին, «Պահեստազորայիններ-Տնտեսություն» և «Ձեր ժողովուրդը Իսրայելն է» կուսակցությունները ստանում են չորսական տեղ։ Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է ապահովել առնվազն 61 պատգամավորի աջակցություն։

Կնեսետի ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 27-ին։ Միևնույն ժամանակ, վերջին օրերի առանձին հարցումների արդյունքները զգալիորեն տարբերվում են. օրինակ՝ 13-րդ ալիքի ավելի վաղ հրապարակված հարցումը նույնպես ցույց էր տալիս Այզենկոտի առավելությունը Նեթանյահուի հետ ուղիղ համեմատությունում՝ 45՝ 36 տոկոսի դիմաց, սակայն տալիս էր բլոկների միջև ուժերի այլ հարաբերակցություն։