Իռլանդիայում Դուբլինի Համալսարանական քոլեջի (UCD) ժամանակակից շենքի ներսում հայտնաբերվել է միջնադարյան Ռուբակ ամրոցը (Roebuck Castle), որը երկար ժամանակ համարվում էր կորսված։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նորմանական բերդի զգալի մասը պահպանվել է ներկայիս շենքի սվաղի տակ։
Պահպանված պատերը և միջնադարյան այլ տարրերը հայտնաբերել է UCD հնագիտության դպրոցի միջնադարյան ճարտարապետության պատմության մասնագետ, պրոֆեսոր Թադգ Օ'Քիֆին։ Նրա հետազոտության արդյունքները հրապարակվել են Archaeology Ireland ամսագրում։
Գիտնականի տվյալներով՝ ամրոցի ամենահին հատվածները վերաբերում են XIII դարի սկզբին։ Եթե թվագրումը հաստատվի, Ռուբակ ամրոցը կդառնա Իռլանդիայի համալսարանական կամպուսի տարածքում պահպանված ամենահին շենքը։

«Դրսից ներկայիս շենքը լիովին վիկտորիանական տեսք ունի։ Բայց ներսում պահպանվել են հին ամրոցի պատերը», — պատմել է Օ'Քիֆին։ Նրա խոսքով՝ միջնադարյան տարրերը թաքնված են սվաղի տակ, սակայն դրանք կարելի է տարբերել։
Ենթադրաբար 1169 թվականին Իռլանդիայի նորմանական նվաճումից անմիջապես հետո կառուցված ամրոցը բազմիցս վերակառուցվել է միջին դարերում։ Նրա բնակիչներից է եղել նաև Իռլանդիայի լորդ-կանցլերը։ Ըստ ավանդության՝ 1689 թվականին այստեղ կանգ է առել Անգլիայի և Իռլանդիայի գահընկեց արված թագավոր Ջեկոբ II-ը, որը Շոտլանդիայում հայտնի էր նաև որպես Ջեկոբ VII։
XVIII դարում ամրոցը անկում էր ապրել և տարածքի հետագա վերակառուցման ընթացքում համարվում էր ավերված։ Սակայն դրա գոյության վկայությունները պահպանվել են նկարիչ Գաբրիել Բերանժեի շնորհիվ, որը մոտ 1765 թվականին այցելել էր ավերակներ։ Նա ստեղծել է մի քանի ջրաներկ նկարներ, որոնցում պատկերել է շենքը և դրա առանձին ճարտարապետական դետալները։
Հենց այս պատկերներն են օգնել Օ'Քիֆիին հասկանալ կառույցի պատմությունը։ Գիտնականի խոսքով՝ Բերանժեն փոխանցել է ոչ միայն ավերված ամրոցի ընդհանուր ձևը, այլև փոքր դետալներ, որոնք հնարավորություն են տվել համադրել նկարները պահպանված կառուցվածքների հետ։

Հետազոտողը կարծում է, որ շենքը հետագա վերակառուցումների ժամանակ ամբողջությամբ չի քանդվել։ Փոխարենը XVIII և XIX դարերի սեփականատերերը նոր կառուցվածքներ են ավելացրել միջնադարյան ամրոցի շուրջ։ Ավելին, ինչպես պարզվել է, շենքի հետևում գտնվող ժամանակակից ներքին բակը փաստորեն կրկնում է միջնադարյան ամրոցի բակի տեղադրությունը։
Այս բացահայտումն առանձնահատուկ նշանակություն ունի Դուբլինի պատմության ուսումնասիրության համար․ քաղաքի հարավում գտնվող բազմաթիվ միջնադարյան ամրոցներ ոչնչացվել են XVII դարում, դրանց քարերը կրկնակի օգտագործվել են ավելի ժամանակակից տների շինարարության մեջ։
«Կորսված շենքերը կորսված պատմական վկայագրեր են։ Դրանք բացեր են թողնում մեր գիտելիքների մեջ», — նշել է Օ'Քիֆին։ Նրա խոսքով՝ պահպանված ամրոցի հայտնաբերումը հնարավորություն է տալիս վերականգնել Դուբլինի պատմության այդ կորած հատվածներից մեկը։





























