Վիլնյուսի կենտրոնում բարի մոտ այրել են Ղուրանը՝ իսլամի սուրբ գիրքը, հաղորդել է Delfi-ն։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի գիշերը Էտմոնու փողոցում։ Ոստիկանությունը սկսել է մինչդատական հետաքննություն՝ հասարակական կարգը խախտելու փաստով։
Վիլնյուսի շրջանի ոստիկանության գլխավոր կոմիսարիատի ներկայացուցիչը Delfi-ին հաստատել է, որ տեղի ունեցածի մասին հաղորդումը ստացվել է սեպտեմբերի 13-ին, ժամը 01:57-ին։ Միևնույն ժամանակ, ոստիկանության ամենօրյա ամփոփագրում միջադեպի մասին տեղեկություն չէր հրապարակվել։
Սոցիալական ցանցերում տարածվել է տեղի ունեցածի տեսագրությունը։ Instagram-ում հրապարակված կադրերում մի քանի մարդիկ կանգնած են այրվող գրքի մոտ՝ ձեռքներին գավաթներ։
Դրվագներից մեկում դիմակով երիտասարդը ձեռքերը մեկնում է դեպի կրակը։ Նրա բաճկոնի թևքին նկատվում է լիտվական դրոշի պատկերով տարբերանշան։
Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները և թե ով է առնչություն ունեցել միջադեպին։
Հետաքննությունն իրականացվում է հասարակական կարգը խախտելու մասին հոդվածով։ Լիտվայի օրենսդրության համաձայն՝ շրջապատի կամ հասարակական միջավայրի նկատմամբ ցուցադրական անհարգալից վերաբերմունքի համար, որն արտահայտվել է լկտի վարքով, սպառնալիքներով, չարամիտ ծաղրով կամ վանդալիզմով և հանգեցրել է հասարակական կարգի խախտման, նախատեսվում են հանրային աշխատանքներ, տուգանք, ազատության սահմանափակում, կալանք կամ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով։




























