Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային Al Jazeera-ի հարցազրույցում հայտնել է, որ Թեհրանը Կատարին և Պակիստանին փոխանցել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու իր պայմանները։

Նա նաև հայտնել է, որ Իրանը պատրաստ է «վճռական պատերազմի», եթե Վաշինգտոնը չհամաձայնի իր պայմաններին։

Ռեզայիի խոսքով՝ կատարցի և պակիստանցի միջնորդների հետ խորհրդակցությունները շարունակվում են։ Նա նշել է, որ իրանական պայմանների ընդունումը բխում է Վաշինգտոնի շահերից և թույլ կտա ավարտել պատերազմը։ Միաժամանակ, նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները չեն բերի Վաշինգտոնի համար ցանկալի արդյունքի։

Ռեզային հայտնել է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ փոխըմբռնման հուշագրից, Իրանը եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է փոխել Վաշինգտոնի նկատմամբ իր ռազմավարությունը։

Նա նաև կարծում է, որ ամերիկյան ղեկավարությունը սխալ է գնահատում Իրանի շուրջ իրավիճակը, իսկ պատերազմը հրահրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Իրանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը նշել է, որ Թեհրանը գիտի ամերիկյան զինված ուժերի խոցելի տեղերը և այժմ ավելի լավ, քան երբևէ, պատրաստ է օդային հարվածները հետ մղելուն։

Նրա խոսքով՝ վերջերս Իրանն ամերիկյան ավիակրի շրջանում փորձարկել է հակածովային հրթիռ։

Ռեզային ընդգծել է, որ Իրանը լրջորեն է վերաբերվում պաշտպանության հարցերին։ Հարձակման դեպքում, նրա խոսքով, Թեհրանն ավելի հզոր հարվածներ կհասցնի տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին և ԱՄՆ շահերին։

Ռեզայիի հայտարարությունները հնչել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական շփումները վերականգնելու միջնորդների շարունակվող փորձերի ֆոնին։ Ավելի վաղ իրանական կողմը հայտնել էր, որ չի համաձայնի բանակցությունների, մինչև իր պայմանները չկատարվեն, մինչդեռ Թրամփը խոսում էր երկխոսությունը վերսկսելու հնարավորության մասին։