Նիդերլանդների Ուտրեխտի համալսարանի գրադարանում հին եգիպտական տեքստերի ժողովածուն ուսումնասիրող հետազոտողը պատահմամբ հայտնաբերել է Հոմերոսի «Ոդիսականի» մի հատված, որը կարող է լինել մոտ 1700 տարվա հնության, գրում է Live Science-ը։

Մագաղաթի փոքրիկ կտորը, պարզվել է, եղել է Եգիպտոսում մեր թվարկության մոտավորապես III–IV դարերում ստեղծված հայտնի պոեմի գրպանային հրատարակության մի մասը։

Հատվածը հայտնաբերել է հին հունական գրականության մասնագետ և Ռադբաուդի համալսարանի պրոֆեսոր Մարկ դե Քրեյը։ 2024 թվականին նա ուսումնասիրում էր Եգիպտոսից և Հունաստանից ծագող վաղ քրիստոնեական ձեռագրեր, որոնք Ուտրեխտի համալսարանի գրադարանը ձեռք էր բերել XX դարի կեսերին։ Հին տեքստերի մեջ հետազոտողը նկատել է մագաղաթի փոքրիկ պատառիկ և դրա մեջ ճանաչել է «Ոդիսականի» տողերը։

««Ոդիսականում» այնքան շատ ձանձրալի հատվածներ կան։ Իսկ այստեղ իսկապես զվարճալի մի դրվագ էր»,- RTV Utrecht-ին պատմել է դե Քրեյը։

Գտնված հատվածի չափը կազմում է ընդամենը մոտ 6,6 x 7,7 սանտիմետր։ Դրա վրա պահպանվել են «Ոդիսականի» 12-րդ երգից տողեր, որոնք պատմում են Ոդիսևսի ուղեկիցների կորստյան մասին, երբ նրանք սպանել ու կերել էին արևի աստված Հելիոսի սրբազան ցլերին։

Դրանից առաջ Կիրկե աստվածուհին Ոդիսևսին զգուշացնում է չմոտենալ Տրինակրիա կղզուն, որտեղ Հելիոսի նախիրներն էին։ Սակայն Սցիլլայի և Քարիբդիսի հետ հանդիպումից հետո հերոսն ու նրա ուղեկիցները հայտնվում են կղզում։ Երբ երկարատև փոթորկի պատճառով նրանց սննդի պաշարները վերջանում են, Ոդիսևսի ամենամոտ զինակից Եվրիլոխոսն ընկերներին համոզում է խախտել արգելքն ու մորթել սրբազան կենդանիներին։

Հելիոսըն աստվածներից պահանջում է պատժել մեղավորներին։ Ի պատասխան՝ Զևսը կայծակով ոչնչացնում է Ոդիսևսի նավը։ Նրա բոլոր ուղեկիցները զոհվում են, իսկ ինքը՝ Ոդիսևսը, ողջ է մնում։

Հետազոտողների կարծիքով՝ գտնված պատառիկը, հավանաբար, եղել է մեր թվարկության III կամ IV դարի մագաղաթյա կոդեքսի մի մասը, որը ծագել է եգիպտական Ֆայյում օազիսից։ Այսօր հայտնի է «Ոդիսականի» նման ընդամենը մոտ 30 հատված։

Հետազոտողը ենթադրում է, որ ձեռագիրը կարող էր պահպանվել հենց իր փոքր չափերի շնորհիվ։ Գտնված հատվածը, հավանաբար, եղել է պոեմի գրպանային հրատարակության մեջտեղում և պաշտպանվել է մյուս էջերով։

Թե այն ինչպես է հայտնվել հին եգիպտական մյուս տեքստերի շարքում, առայժմ անհայտ է։

Սա արդեն այս տարվա ընթացքում հոմերոսյան պոեմի հատվածի երկրորդ անսպասելի հայտնաբերումն է։ Գարնանը Եգիպտոսում հնագետները հռոմեական ժամանակաշրջանի մումիայի ներսում հայտնաբերել էին «Իլիականի» հատվածներ։

«Իլիականն» ու «Ոդիսականը» համարվում են ստեղծագործություններ, որոնք գրվել են մեր թվարկությունից առաջ VIII դարի վերջում կամ VII դարի սկզբում։ Առաջինը պատմում է Տրոյական պատերազմի իրադարձությունների մասին, իսկ երկրորդը՝ Տրոյայից հայրենի Իթակա Ոդիսևսի տասնամյա ճանապարհորդության մասին։

Եգիպտոսից ծագող հունա-հռոմեական տեքստերի ժողովածուի ամբողջական ուսումնասիրությունը, որում գտնվել էր հատվածը, Մարկ դե Քրեյը ծրագրում է ներկայացնել «Hieratic, Demotic, Greek, and Coptic Texts in the Utrecht University Collection» գրքում։