Օդատիեզերական պաշտպանության հյուսիսամերիկյան հրամանատարության (NORAD) F-16 կործանիչը շաբաթ առավոտյան որսացել է փոքր քաղաքացիական օդանավ, որը մտել էր ամերիկյան Մերիլենդ նահանգի Թերմոնթ քաղաքի փակ օդային տարածք, հայտնել է New York Post-ը։

Այդ ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնվում էր մոտակա Քեմփ Դևիդ արվարձանային նստավայրում։

ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության կազմում գտնվող 1-ին օդային բանակի տվյալներով՝ օդանավը որսացել են տեղի ժամանակով առավոտյան մոտ 7:50-ին (11:50 GMT)։

F-16-ն արձակել է ազդանշանային հրթիռներ։ Զինվորականների հայտարարության մեջ նշվել է, որ դրանք կարող էին տեսանելի լինել գետնի վրա գտնվող մարդկանց համար։ Հրթիռներն օգտագործվել են օդաչուի ուշադրությունը գրավելու կամ օդանավի անձնակազմին ազդանշաններ փոխանցելու համար և վտանգ չեն ներկայացրել գետնի վրա գտնվող մարդկանց համար։

Օդանավը NORAD-ի կործանիչի ուղեկցությամբ անվտանգ լքել է փակ գոտին։

Թրամփը Քեմփ Դևիդ էր ժամանել ուրբաթ երեկոյան։ Նախագահական նստավայրը գտնվում է Կատոկտին լեռներում, Թերմոնթից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Ակնկալվում է, որ Թրամփն այնտեղ կանցկացնի հանգստյան օրերը։

Զինվորականները չեն հայտնել, թե օդանավը վտանգ է ներկայացրել ԱՄՆ նախագահի կամ Քեմփ Դևիդի համար։ Չեն հստակեցվել նաև այն պատճառները, թե ինչու է քաղաքացիական օդանավը մտել սահմանափակ գոտի։