Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների գործով Բրյուսելում անցկացված գործողության ժամանակ չորս ոստիկան է վիրավորվել: Libre Belgique պարբերականի փոխանցմամբ, նրանցից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկու ոստիկաններ վիրավորվել են փոխհրաձգության ընթացքում: RTL հեռուստաալիքի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Բրյուսելի Ֆոր կոմունայի տներից մեկում խուզարկության ժամանակ: Ոստիկանների օգնական ուժերի ժամանումից հետո երկրորդ հրաձգությունն է սկսվել, որի ընթացքում եւս մեկ իրավապահ է վիրավորվել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ կասկածյալներից մեկը ձերբակալված է, եւս երկուսը փախուստի մեջ են:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը հաղորդել է, որ Բրյուսելում, որտեղ, ենթադրաբար, ծրագրվել են եւ նախապատրաստվել են փարիզյան ահաբեկչությունները, իրավապահների գործողությանը մասնակցել են նաեւ ֆրանսիական ոստիկանական ստորաբաժանումներ: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ը: