Թուրքիան և Իրանը հետաքննում են թուրք զինծառայողի մահվան հանգամանքները։ Նա, ենթադրաբար, զոհվել է սահմանի իրանական կողմից արձակված կրակոցից, հայտնում է Turkiye Today-ը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը։

Հետևակային շարքային Յուսուֆ Սաիթ Յունլյուն զոհվել է հոկտեմբերի 31-ին՝ Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում, երբ զինվորականներն արձագանքում էին սահմանն ապօրինի հատելու փորձին։ Նախարարության տվյալներով՝ կրակոցները, հավանաբար, արձակվել են Իրանի տարածքից։

Վիրավորված Յունլյուն ուղղաթիռով տեղափոխվել է Հաքքարիի պետական հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նա ծառայում էր 7-րդ սահմանապահ բրիգադում։ Զինծառայողին հուղարկավորել են Թուրքիայի արևմուտյան Այդըն նահանգի իր հայրենի Չինե քաղաքում։

Միջադեպից անմիջապես հետո թուրքական կողմը դատական և վարչական հետաքննություններ է սկսել։ Նոյեմբերի 3-ին Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են իրանցի պաշտոնյաների հետ հենց միջադեպի վայրում։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Իրանի իշխանությունները նույնպես հետաքննություն են սկսել՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով։ Գերատեսչությունն ընդգծել է, որ հանգամանքների պարզման աշխատանքները շարունակվում են իրանական կողմի հետ սերտ համակարգմամբ։