Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները նիստերի դահլիճում պատնեշել են ամբիոնն այն պատճառով, որ նիստի օրակարգում չի ներառվել հատուկ բռնագրավման մասին օրինագիծը:
Օրինագծով առաջարկվում է կանոնակարգել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի ներկայացուցիչների փողերը պետբյուջե վերադարձնելու գործընթացը: Այս մասին հաղորդում է «Корреспондент.net»-ը:
Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը մի քանի անգամ ապարդյուն քվեարկության է դրել օրինագիծն օրակարգում ներառելու հարցը: Դրանից հետո Ռադիկալ կուսակցության եւ «Ժողովրդական ճակատ» խմբակցությունների պատգամավորները, դժգոհություն հայտնելով, որ գործընկերները չեն ցանկանում քննարկել օրինագիծը, փակել են ամբիոնը: Խոսնակը ստիպված է եղել փակել երեկոյան նիստը, որը մեկ ժամից էլ պակաս է տեւել:





























