Բեռլինի Շառլոտենբուրգի շրջանում մեքենայի պայթյունի հետեւում կարող են կանգնած լինել  «հանցավոր խոշոր կլաններ, բայքերների ավազակախումբ կամ  «ռուսական մաֆիան»»: Այդ մասին չորեքշաբթի` մարտի 16-ին իր կայքում հայտնել է   Berliner Zeitung-ը` վկայակոչելով Բեռլինի քրեական ոստիկանության  վարչության գլխավոր կոմիսարին: 

Արեւմուտքում «ռուսական մաֆիա» արտահայտության տակ հաճախ նկատի են ունենում  հանցավոր կազմակերպություններին ոչ միայն Ռուսաստանից, այլեւ հետխորհրդային տարածքի այլ պետություններից կամ հեռավոր արտասահմանի իմիգրանտական միջավայրից, հայտնում է  DW-ն: 

Գերմանական ոստիկանության արհմիության վարչության անդամ Նորբերտ Կիոման իր հերթին վստահություն է հայտնել, որ հանցագործության կազմակերպիչները, ով էլ լինեն, անկասկած ձգտել են, որ պայթյունը հասարակական լայն հնչեղություն ստանա:  «Նրանք այդպիսով ուզում էին ընդգծել տեղի ունեցածի նշանակալի բնույթը», համոզված է նա:   

Ոստիկանության տվյալներով, հանցագործի որոնումները իրականացվում են թուրքական ծագմամբ 43-ամյա սպանված բեռլինցու շրջապատում:  Նա կասկածվում է  մի շարք հանցագործությունների իրականացման մեջ, անցել է թմրանյութի առեւտրի, կեղծ փողի պատրաստման, անօրինական տոտալիզատորների կազմակերպման հետ կապված գործերով: 

Գերմանիայի մայրաքաղաքում մարդատար մեքենայի պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան` մարտի  15-ին: Պայթյունի հետեւանքով զոհվել է մեքենայի վարորդը: Նախ բարձրաձայնվում էր ահաբեկչական գործողության վարկածը, իսկ հետո խոսքն ավելի շուտ քրեական բախման մասին էր: