Որքան էլ որ Հայաստանը սատարում է վերջերս նոր թափ ստացող եւ աշխարհի տարբեր վայրերում խաղաղ կերպով իրացվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, Հայաստանի իշխանությունները եւ հայկական պետությունը մշտապես աջակցելու են Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրական հիմնախնդրում: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Կիպրոսի համալսարանում ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանը հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«Սա ոչ միայն համերաշխության դրսևորում է եղբայրական Կիպրոսի հետ. մեր խորին համոզմունքն է, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է յուրովի լուծում ստանա, քանի որ տարբեր են դրանցից յուրաքանչյուրի ակունքներն ու տրամաբանությունը: Հավատացած ենք, որ Կիպրոսի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շատ իրատեսական է, եթե անմիջական ներգրավվածություն ունեցող այլ ուժեր չխոչընդոտեն խնդրի կառուցողական լուծմանն ուղղված քայլերին։ Մենք հարատև խաղաղություն ու արդար լուծում ենք փափագում մեր ժողովրդների առջեւ ծառացած կիպրոսյան և ղարաբաղյան հիմնախնդիրների համար»,-ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման բանակցային եղանակը չունի այլընտրանք 21-րդ դարում:





























